Մատչելիության հղումներ

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրաժարվել է Գյուլի հետ հանդիպումից


Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդական - հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը մերժել է արտգործնախարար, երկրի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Աբդուլա Գյուլի հետ հանդիպման առաջարկը:

Հաղորդելով այս մասին` թուրքական «Հուրիեթ» թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Բայքալը դժգոհություն էր արտահայտել Գյուլի թեկնածության առաջադրման կապակցությամբ:

«Աներեւակայելի է, որ մենք պաշտպանենք վարչապետի այդ կեցվածքը», - հայտարարել էր Բայքալը, նշելով, որ վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Էրդողանը խոստացել էր նախագահի թեկնածուի ընտրությունը կատարել փոխզիջումների հիման վրա:

Իսկ շաբաթասկզբին CNN-Turk հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բայքալը ասել էր. - «Վայել չէ ունենալ մի նախագահ, որը խնդիրներ ունի թուրքական հանրապետության հիմքում ընկած փիլիսոփայության հետ: Նախագահի ընտրության ժամանակ մենք պետք է մտածենք մեր երկրի ամբողջականության, դրա ապագայի, այլ ոչ թե անցյալի մասին: Եթե նախագահի պաշտոնում ընտրվի Աբդուլա Գյուլը, դա կխախտի Թուրքիայի քաղաքական հավասարակշռությունը»:

Թուրքական մամուլի վկայությամբ, Գյուլը երեկ պաշտոնապես նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել Ազգային մեծ ժողովի նորընտիր խոսնակ Քոքսալ Թոփթանին: Ապա նա այցելել է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, անկախ թեկնածուների` ներկայացնելով իր ծրագրերը եւ խնդրելով նրանց աջակցությունը:

Գյուլի թեկնածությունը առաջադրվել էր նաեւ մայիսին մեկնարկած նախագահական ընտրություններում, որոնք, սակայն, փակուղի մտան ընդդիմության եւ աշխարհիկ կարգերի հետեւորդների ջանքերով: Վերջիններս չպաշտպանեցին 57-ամյա արտգործնախարարին` պատճառաբանելով, թե նա հավատացյալ մահմեդական է, իսկ կինը մինչ օրս գլխաշոր է կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG