Մատչելիության հղումներ

logo-print

Աշխարհի առաջատար համալսարանների ցանկը շարունակում են գլխավորել Հարվարդը, Օքսֆորդը եւ Քեմբրիջը


Նախորդ տարվա համեմատ աշխարհի առաջատար համալսարանների հնգյակը մնում է նույնը. այն գլխավորում է ամերիկյան Հարվարդի համալսարանը, որին հաջորդում են բրիտանական Օքսֆորդն ու Քեմբրիջը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, իսկ ամերիկյան Յեյլի համալսարանը եզրափակում է հնգյակը: Այդ են վկայում բրիտանական Սաութհեմփթոնի համալսարանի եւ «Թայմ» հանդեսի, ինչպես նաեւ Շանհայի «Ժիա Տոնգ» համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքները, որոնք ի մի է բերել «Նյուզուիք» հանդեսը:

Առաջին հարյուրյակում ընդգրկված ուսումնական հաստատությունների ուղիղ կեսը գտնվում է երեք երկրներում` Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում:

Ցանկում համեմատաբար փոքր է մայրցամաքային Եվրոպայում գտնվող ուսումնական հաստատությունների թիվը. Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը ցուցակում 37-րդն է, Մոսկվայի պետական համալսարանը, որը նախորդ հետազոտության համեմատ լուրջ առաջընթաց է արձանագրել, 98-րդ տեղում է: Ցանկում հետխորհրդային տարածքի եւս մեկ համալսարան է տեղ գտել` Սանկտ Պետերբուրգինը, որը զբաղեցրել է 164-րդ տեղը:

Երկրագնդի առաջատար համալսարանները որոշելու համար հետազոտողները մի շարք ցուցանիշներ են քննության առել` գիտական հետազոտություններին այս կամ այն համալսարանի կողմից հատկացվող գումարների չափից մինչեւ շրջանավարտների` աշխատանքի տեղավորվելու հեռանկարները:

Հետազոտության մեջ նշվում է նաեւ, որ վերջին տարիներին առաջատար համալսարանների ցանկը սկսել են համալրել հնդկական ու չինական ուսումնական կենտրոնները:

Հեռավոր Արեւելքում եւ Հարավային Ասիայում հետազոտողները մի առանձնահատկություն էլ են նկատում. այստեղ կրթական ոլորտում մասնավոր ներդումների աննախադեպ աճ կա: Որպես օրինակ` «Նյուզուիք»-ը մատնանշում է Հնդկաստանի Օրիսա նահանգում խոշոր մասնավոր համալսարան հիմնելու նախաձեռնությունը: Հնդիկ խոշոր գործարար, 53-ամյա Անիլ Ագարվալը պատրաստվում է իրեն պատկանող «Վեդանտա» ընկերության միջոցներն ուղղել նոր համալսարանի ստեղծմանը, որը առնվազն 100 հազար ուսանող կունենա:

«Վեդանտա» ընկերությունը 1999 թվականից շահագործում է Արարատի ոսկու արդյունահանման ընկերությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG