Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չի հաստատվում», - հարցադրմանն ի պատասխան «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը առանձնացրել է. - «Դրսի ուժերից, հավանաբար, կարելի է կասկածել Ռուսաստանի ինչ-ինչ շրջանակներին, բայց խնդրի 10 տարվա ձգձգումը գցել ռուսների վրա, իհարկե, անմտություն կլիներ: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերը ցանկանան շրջել պատմության այս էջը, նրանց ոչ մի ռուս չի կարող խանգարել` մանավանդ, որ պաշտոնապես Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության օգտին»: «Ակնհայտ է, որ Քոչարյանն ու Ալիեւն են, որ դա չեն ուզում, իրենց ձեռնտու է ներկայիս կարգավիճակը», - գրում է խմբագիրը` փաստարկելով. - «[Այլ շահագրգռությունների թվում] Կա նաեւ զուտ քաղաքական շահագրգռություն. ցանկացած պահի կարելի է ասել` «մենք պատերազմող երկիր ենք, եւ մեզ քննադատողները ջուր են լցնում թշնամու ջրաղացին», ու սահմանափակել ժողովրդավարական ազատությունները: Կա նաեւ այն` մեծ չափով օբյեկտիվ իրողությունը, որ մինչեւ խաղաղության հաստատումն այդ երկրները չեն կարող ղեկավարել մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով կապված չեն ղարաբաղյան պատերազմի հետ»: «Այդ հանգամանքից առավելագույնս օգտվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը», - որակել-եզրակացրել է խմբագրականը։

«Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրն իր հերթին անդրադառնալով մեծ քաղաքականություն նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին պնդումներին` գնահատել է. - «Իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր այդօրինակ ելույթ զգալիորեն նվազեցնում է նախկին նախագահի հնարավորությունները, եթե, իհարկե, նա վերջնականապես չկորցնի գլուխն ու չորոշի մասնակցել ընտրություններին։ Տեսնելով, թե հատկապես ովքեր են երազում նրա վերադարձի մասին, հատկապես ովքեր են ուզում հայտնվել իշխանության ղեկին, Տեր-Պետրոսյանից երես կթեքեն վերջին երկրպագուները»։ «Այնպես որ՝ հհշական ակտիվիստների կողմից դա կանխամտածված սադրանք է, յուրահատուկ «Զինովեւի նամակ»՝ շեֆին տապալելու համար», - բխեցրել է խմբագրականը։

«Իսկական իրավունք»-ը գրել է. - «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցության վերնախավին անհանգստացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շփումները գործարար աշխարհի եւ չինովնիկության հետ, քանի որ հանրապետականները մտավախություն ունեն, որ ՀՀ առաջին նախագահին կհաջողվի «փախցնել» կամ գոնե թաքուն աջակցի կարգավիճակի բերել վարչական եւ ֆինանսական ռեսուրս կրողների մի մասին: Դրանից ելնելով` արդեն մի քանի շաբաթ է, ինչ իրավապահ համակարգում գտնվող հավատարիմ կադրերի միջոցով ՀՀԿ-ի վերնախավը «դոսյեներ» է հավաքում այն չինովնիկների ու խոշոր գործարարների վերաբերյալ, ովքեր նկատվել են Տեր-Պետրոսյանի եւ վերջինիս մերձավոր շրջապատի հետ շփումների մեջ, ու առաջիկայում թերեւս բացառված չեն բավականին խիստ պատժամիջոցները այդպիսիների նկատմամբ»:

«Հայկական ժամանակ»-ի հրապարակման համաձայն, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հեռանալու է ոչ միայն գործող նախագահը, այլեւ վարչապետ Անուշավան Դանիելյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականի հուլիսի 1-ից։ «Մեծ է հավանականությունը, որ Դանիելյանը չի շարունակի բնակվել Լեռնային Ղարաբաղում. նա այնտեղ բնակարան չունի եւ պաշտոնավարման ողջ ընթացքում բնակվել է կառավարության ընդունելությունների տանը», - տեղեկացնում է թերթն ու հավելում. - «Մեծ է հավանականությունը, որ Դանիելյանը աշխատանքի տեղափոխվի Հայաստան եւ այստեղ որեւէ նշանակալի պաշտոն ստանա։ Ինչ վերաբերում է հեռացող նախագահ Ղուկասյանին, նրա հետագա անելիքների մասին էլ առայժմ որոշակի ոչինչ չկա»։

Նույն թերթը գրել է, թե «նախօրեին Սեւանում միջադեպ է գրանցվել գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ու նրա թիկնազորի տղաների եւ ԱԺ պատգամավոր, Հանրապետականի ցուցակով պատգամավոր դարձած ԺԱԿ առաջնորդ Սպարտակ Մելիքյանի մերձավորների միջեւ»։ Վերջիններս, ըստ թերթի, «իրենց բավականին լպիրշ են պահել». - «Սեյրան Սարոյանի թիկնազորի տղաները մոտեցել են Մելիքյանի տղաներին եւ փորձել նրանց կարգի հրավիրել։ Ըստ հավաստի տեղեկությունների, Մելիքյանի մարդիկ չեն ճանաչել գեներալին եւ քաշքշել են նրան։ Արդյունքում Սարոյանի տղաները ջարդուփշուր են արել Մելիքյանի տղաներին»: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ «սույն միջադեպից հետո Մելիքյանը զանգել է Սարոյանին եւ խնդրել է «փակել գործը», բայց արդյունքում հեռախոսային հայհոյանքներ են արձանագրվել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG