Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է Բաքու - Կարս երկաթուղու շինարարության համար վարկի առաջին տրանշը


Ադրբեջանի միջազգային բանկը փոխանցել է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության նպատակով Վրաստանին Ադրբեջանի կողմից հատկացվող վարկի առաջին տրանշը` 40 միլիոն դոլար: Համաձայն Ադրբեջանի տրանսպորտի նախարարության հաղորդագրության, գումարը փոխանցվել է երկաթուղու վրացական հատվածի օպերատոր «Մարաբդա - Կարծախի» ընկերությանը:

Day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, վարկի առաջին մասնաբաժնի շրջանակներում նախատեսվում է Վրաստանում կառուցել 29 կիլոմետրանոց երկաթգիծ, իսկ Թուրքիայի հետ սահմանին` անիվների փոխարինման կետ:

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 420 միլիոն դոլար: Երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրում է 220 միլիոն դոլար արտոնյալ վարկ` 25 տարի ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով:

Սեպտեմբերի 20-ին Թբիլիսիում նախատեսված է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությունը` Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ակնկալվում է, որ երկաթուղու շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա վերջին, եւ այն կսկսի գործել 2009 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG