Մատչելիության հղումներ

Վթար` ռուսաստանյան երկաթուղում


Երեկ երեկոյան Նովգորոդի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գնացքը, որի շուրջ 200 ուղեւորներից 26-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի կապակցությամբ Ռուսաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Նովգորոդի մարզի իրավապահ մարմինների իր աղբյուրը, տեղեկացնում է, որ դեպքի վայրում տրոտիլային համարժեքով գրեթե 2 կիլոգրամ հզորությամբ պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվել են երկաթուղու 750-մետրանոց եւ կոնտակտային ցանցի 800-մետրանոց հատվածները: Դրա հետեւանքով «Նեւսկիյ էքսպրես» ճեպընթացը շեղվել է ռելսերից, եւ մի քանի վագոններ շրջվել են:

Դեպքի վայրում գտնվող դատախազության ներկայացուցիչը հաստատել է, որ «գնացքի վթարը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւի հետ, որը պետության ղեկավարին զեկուցել է գործի քննության ընթացքը:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը, Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության տնօրենին հանձնարարել է իրեն տեղյակ պահել քննության ընթացքին:

Ըստ հրապարակված ցուցակների, վթարված գնացքի ուղեւորների թվում եղել են նաեւ հայկական ազգանուններով երկու անձ, սակայն հայտնի չէ, թե որքանո՞վ են նրանք տուժել տեղի ունեցածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG