Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան. «Այն, ինչ կատարվում է մեզ հետ` բռնություն է»


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության «Երեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համարում է, որ իր եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանի, ինչպես նաեւ Վահան Արոյանի նկատմամբ դատական հետապնդումը «բռնություն է»:

«Այն, ինչ կատարվեց այս 8 ամսվա ընթացքում, սա բռնություն է, երբ մարդը հանցանք չի գործել, անմեղ լինելով հանդերձ, դու [իշխանությունը] բանտարկում ես», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երկուշաբթի օրը ասաց Սեֆիլյանը` շարունակելով. - «Ուզում եմ հիշեցնել, որ բռնությունը բռնություն է ծնում. ինչքան շուտ դադարեցնեն այս բռնությունը, այնքան լավ իրենց համար»:

Սեֆիլյանը վերահաստատեց իր համոզմունքը, թե իր նկատմամբ հետապնդումն իրականացվում է երկրի նախագահի կարգադրությամբ` պարզաբանելով, թե արդեն 6-7 տարի է, ինչ իշխանությունները «տհաճությամբ էին վերաբերում» իր գործունեությանը, այդ տարիների ընթացքում իրեն բազմիցս «զգուշացրել են դադարեցնել գործունեությունը ազատագրված տարածքների հետ կապված», ինչպես նաեւ` «զերծ մնալ ընդդիմադիր ուժերի հետ շփումներից»:

Իշխանությունները, ըստ Սեֆիլյանի, վախեցան, երբ 2006-ին ստեղծվեց «Հայ կամավորականների համախմբում» շարժումը: «Որովհետեւ իրոք, եթե այսօր գոյություն ունենա մի ուժ, մի կազմակերպություն, որը իրոք անշահախնդրորեն ծառայելու է մեր ժողովրդին, ինչպես մենք ենք ամբողջ պատերազմի ընթացքում անշահախնդրորեն ծառայել... Իրենք, սա տեսնելով, նույնպես փորձեցին կանխել», - փաստարկեց նա:

Բացի այդ, Սեֆիլյանի խոսքերով, այլ պատճառ էլ կա. - «Քանի որ ես միշտ չեմ ընդունել նաեւ [Ռոբերտ Քոչարյանին] որպես նախագահ, այսօր էլ չեմ ընդունում` ինքը նախագահ չէ, որովհետեւ դա [2003 թվականին] ընտրություն չի եղել` նշանակում է տեղի ունեցել... Ընտրությունները մեր երկրում իմիտացիա է, շոու է... Իրենք գիտեն մեկ ձեւ կառավարելու` բռնություն, վարչական լծակ եւ փող, կաշառք»:

Իսկ իրենց հետ, ըստ Սեֆիլյանի, ո’չ կաշառքով, ո’չ վարչական լծակով «խոսել չի լինի», եւ դրա արդյունքն այն է, որ այսօր ինքը անազատության մեջ է:

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունների կողմից եղել են կոնկրետ առաջարկություններ, նա պատասխանեց. - «Անշուշտ եղել են: Բազմիցս եղել են... Տարիներ առաջ բանակ վերադառնալու կոնկրետ առաջարկություն է եղել, բայց ես ասել եմ, որ այս համակարգում հնարավոր չէ ինչ-որ դրական արդյունքի հասնել»:

«Օրեր, ամիսներ, տարիներ կանցնեն, բայց մենք մի օր դուրս կգանք եւ կշարունակենք մեր գործը», - հայտարարեց Սեֆիլյանը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը անցած շաբաթ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց մեկեւկես տարվա ազատազրկման: Նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը, ինչպես նաեւ Վահան Արոյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, երկու եւ մեկեւկես տարվա ազատազրկման:

Սեֆիլյանի փաստաբանը արդեն դիմել է Վերաքննիչ դատարան, եւ ազատամարտիկը լավատես է` կարծելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կփոխվի, քանի որ «ակնհայտ է, որ իրեն առանց որեւէ մեղքի են բանտարկել»:

Սեֆիլյանը դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար, մինչդեռ այդ զենքը նրան 1998 թվականին նվիրել էր այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, ու «այդ զենքի օրինականությունն ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր կան»:

«Ուժը վարչական լծակների եւ փողի մեջ չէ. կա ոգի, կա հոգի, դրանցից ավելի հզոր բան չկա: ժողովուրդն է հզոր: Վաղը գալու է մի օր, ինչ-որ ուժ կստեղծվի, կկազմակերպի ժողովրդին», - եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG