Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Գերմանիայի նորանշանակ դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը: Նա այսօր իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

Հայաստանի արտգործնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ: Դեսպանը հավաստիացրել է, որ կանի ամենը` նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ - գերմանական երկկողմ հարաբերությունների արդի բարձր մակարդակին, քննարկել են Հայաստանի եւ Գերմանիայի գործակցության հետագա ծրագրերը:

Վարդան Օսկանյանը համառոտ ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի կողմից տարված աշխատանքը, որը կներկայացվի Եվրոպական հանձնաժողովին սեպտեմբերին Բրյուսելում կայանալիք` ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի մասնակից պետությունների առաջին համաժողովի ընթացքում:

Նախարարը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Դեսպանը վերահաստատել է Գերմանիայի շահագրգռվածությունը խնդրի շուտափույթ կարգավորմամբ եւ տարածաշրջանում կայունության հաստատմամբ:

50-ամյա Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը Գերմանիայի արտգործնախարարության համակարգում աշխատում է 1991 թվականից: Պաշտոնավարել է որպես Բելառուսում Գերմանիայի փոխդեսպան, Գերմանիայի արտգործնախարարության վարչության ղեկավարի տեղակալ: Աշխատել է նաեւ Լատվիայում եւ Նիդերլանդներում Գերմանիայի դեսպանություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG