Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Էդվարդսը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում անմիջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի 2008 թվականի ընտրություններում առաջադրված դեմոկրատ թեկնածու Ջոն Էդվարդսը խոստացել է ընտրվելու դեպքում անմիջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սենատոր Էդվարդսը քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ծառայողական աշխատողների միջազգային միության կողմից Լոս Անջելեսի շրջանի Լեյք Վյու Թերիս քաղաքում շաբաթ օրը անցկացված հանդիպման ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե իր նախագահ ընտրվելու դեպքում որքա՞ն ժամանակ կպահանջվի ցեղասպանությունը ճանաչելու համար, Ջոն Էդվարդսը պատասխանեց. - «Ես դա անելու եմ անմիջապես»:

Էդվարդսն իր ելույթում կենտրոնացավ երկրի բժշկական ապահովագրական համակարգի բարեփոխման, աղքատության վերացման, աշխատավորների իրավունքների պաշտպանության իր ծրագրերի վրա:

Դեմոկրատ թեկանածուն արժանացավ սոցիալական բնագավառի աշխատող ու սոցիալական աջակցություն ստացող շուրջ 6 հազար ներկաների ջերմ ընդունելությանը:

Ծառայողական աշխատողների միջազգային միությունը Հյուսիսային Ամերիկայում ամենաարագ աճող արհեստակցական միությունն է, որն ընդգրկում է մոտ 2 միլիոն անդամների ԱՄՆ-ում, Կանադայում ու Պուերտո Ռիկոյում: Արհմիության նպատակն է միավորել հիմնականում այն աշխատավորներին, որոնք ընդգրկված են հիվանդանոցային, երկարաժամկետ խնամքի ու պետական ծառայությունների բնագավառներում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG