Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանգստի է մեկնել Կոդորի կիրճ` Աբխազիայի միակ շրջանը, որը գտնվում է վրացական ուժերի վերահսկողության տակ: Այստեղ նա կիրակի օրը բացել է «Երիտասարդ հայրենասերների» հերթական ճամբարը, որտեղ հանգստանալու են հարյուրավոր պատանիներ Վրաստանի տարբեր շրջաններից:

Երիտասարդ հայրենասերների շարժումը Վրաստանում ի հայտ է եկել Սահակաշվիլիի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո: Վրաց պաշտոնյաների խոսքերով`«ճամբարների ստեղծման գլխավոր նպատակը պատանիներին վրացական հայրենասիրության ոգով դաստիարակելն է»:

Սակայն ընդամենը երեք շաբաթ առաջ մեկ այլ նմանատիպ ճամբարի` Աբխազիային սահմանակից Զուգդիդիի շրջանում հտնվող «Գունմախուրի» երիտասարդական կենտրոնի շուրջ միջազգային սկանդալ էր ծագել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հուլիսի վերջին պաշտոնական Թբիլիսիին կոչ էր արել դուրս բերել ճամբարը սահմանամերձ գոտուց` հայտարարելով. - «Թեեւ իրավիճակն այստեղ համեմատաբար հանգիստ է, սակայն երկու կողմից էլ անցանկալի ցույցերի եւ կուտակումների ականատեսն ենք դառնում»: Բան Կի-մունը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ վրաց երիտասարդների երեկոյան հավաքները, երբ խմբվելով խարույկի շուրջ` ճամբարի բնակիչները երգում էին, պարում եւ մի քանի տասնյակ մետրի վրա գտնվող աբխազական պահակակետի ուղղությամբ պարբերաբար վանկարկում. -«Մենք դեռ կվերադառնանք Աբխազիա»:

Այդուհանդերձ, Կոդորի կիրճում հայրենասիրական նոր ճամբարի բացումից հետո ակնհայտ դարձավ, որ վրացական կողմը սահմանամերձ գոտում երիտասարդական հավաքների անցկացման գաղափարից չի հրաժարվելու:

Թբիլիսիում այս օրերին ամենից հաճախ հնչող հարցերից է`«ո՞րն է դառնալու նախագահ Սահակաշվիլիի էքստրեմալ հանգստի հաջորդ վայրը»:

Անցած տարի իր տասնօրյա արձակուրդը Միխեիլ Սահակաշվիլին անցկացրել էր Օսիաուրիի ռազմավարժարանում` բանակ զորակոչված շարքային ռեզերվիստների հետ միասին հաղթահարելով նորակոչիկների համար նախատեսված ուսումնական ծրագրի դժվարությունները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG