Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները Բաքվում մասնակցում են փորձագետների խորհրդակցությանը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի ոստիկանությունից, համակարգի երկու փորձագետներ մասնակցում են այսօր Բաքվում սկսված ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարությունների փորձագետների խորհրդակցությանը:

Փորձագետների այս խորհրդակցությունը, ըստ էության, անցնում է սեպտեմբերի 5-6-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական փուլի շրջանակներում: Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ասկեր Ալեքպերովը, բացելով խորհրդակցությունը, ասել է, որ «փորձագետները նախապատրաստում, մշակում են նախարարների խորհրդի առաջիկա նիստին ներկայացվելիք փաստաթղթերը, հստակեցնում են օրակարգը»:

Նախատեսվում է, որ սեպտեմբերին կայանալիք նիստում կքննարկվեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր:

ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների խորհրդի այդ նիստին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը:

Նշված խորհրդի նախորդ նիստերից 2-ը անցկացվել են Հայաստանում: Դրանց մեկ անգամ մասնակցել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարը, մյուս անգամ` փոխնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG