Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանի տարածքի «հրթիռակոծումը»


Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է շաբաթասկզբին վրաց-օսական հակամարտության գոտում տեղ գտած միջադեպը` այն որակելով «Վրաստանի տարածքի հրթիռակոծում», եւ պահանջել է շտապ պարզել տեղի ունեցածի պատճառները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը երեկ երեկոյան հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Միացյալ Նահանգները դատապարտում է օգոստոսի 6-ի հրթիռային հարձակումը Վրաստանի դեմ: Մենք գնահատում ենք այս օդային հարձակման առնչությամբ Վրաստանի զսպվածությունը եւ կոչ ենք անում շտապ հստակեցնել միջադեպին առնչվող բոլոր փաստերը: Կոչ ենք անում նաեւ բոլոր կողմերին լիարժեք մասնակցել հետաքննությանը, որն իրականացնում են Վրաստանի կառավարությունն ու ԵԱՀԿ-ն»:

ՄըքՔորմաքն ընդգծել է, որ միջադեպի` «Վրաստանի անջատողական Հարավային Օսիայի տարածաշրջանին մոտ լինելը, ինչպես նաեւ հակամարտության գոտում Վրաստանի օդային տարածքի խախտումը ընդգծում են հարավօսական հակամարտությունը շտապ խաղաղ կարգավորման հանգեցնելու անհրաժեշտությունը»:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին եւ Վրաստանին` կառուցողական ջանքեր գործադրել այս ուղղությամբ, չնայած այս վերջին հարձակմանը: Մենք կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ ապագայում նման հարվածները կանխելու ուղղությամբ, այդ թվում` իրականացնել Վրաստանի Աբխազիայի տարածաշրջանում մարտի 11-ին տեղ գտած հարձակման հետ կապված փաստերի ուսումնասիրման ՄԱԿ-ի խմբի առաջարկները», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում:

«Մենք շարունակում ենք սատարել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ Վրաստանի միջազգայնորեն չճանաչված սահմաններում Հարավային Օսիայի համար ինքնավարության կարգավիճակի հստակեցման գործում բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու` Վրաստանի ջանքերին», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG