Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Պատերազմը կկործանի Ադրբեջանի ապագան»


ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ պատերազմը կործանարար կլինի Ադրբեջանի ապագայի համար:

Այն հարցին, թե արդյո՞ք հիմա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու հույսը ավելի նվազ է, եւ արդյո՞ք երկու երկրների նախագահները չկորցրեցին հնարավորությունը, քանի որ երկու երկրներում արդեն նախընտրական գործընթացներ են սկսվում, Ֆրիդը պատասխանել է. - «Ես չեմ ուզում քննադատել, բայց, կարծում եմ, բոլորս հիասթափված ենք: Վերջին հանդիպումը արդյունք չտվեց` արդյունք, ինչը մենք ակնկալում էինք: Lավ բանակցություններ, ես կասեի` լավ երկխոսություն էր ընթանում, որոշ առաջընթաց էր արձանագրվել»:

Նա հույս է հայտնել, որ «ինչ-որ կետում երկու երկրների ղեկավարները ճանապարհ կգտնեն առաջ շարժվելու համար»:

«Ի վերջո, սա բխում է յուրաքանչյուրի շահերից», - շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: - «Ադրբեջանի ապագան մշուշոտ կլինի, քանի դեռ այս հարցը լուծված չէ»:

Ֆրիդը համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. - «Պատերազմը կկործանի Ադրբեջանի ապագան եւ ոչ ոքի լավ բան չի տա: Խաղաղ կարգավորումն է այն ճանապարհը, որով պետք է առաջ շարժվել»:

«Մենք այսքան ճանապարհ ենք անցել եւ, հուսով եմ, կհասնենք խնդրի լուծմանը», - ամփոփել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG