Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Մեր արտաքին քաղաքականության հիմքում բոլոր հարեւանների հետ բարիդրացիական կապերն են»


Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բոլոր հարեւանների հետ բարիդրացիական կապերի հաստատումն ու պահպանումը, տարածաշրջանային եւ միջազգային բեմահարթակում ակտիվ դերակատարության ապահովումն ու խորացումը: Այս մասին ասել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը Իրանում հրատարակվող «Հույս» պարբերականին տված հարցազրույցում:

Երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում Օսկանյանը նշել է, մասնավորապես, արդի գործընթացներում Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերից բխող տեղի ապահովումը, գլոբալ նշանակության ծրագրերում, մասնավորապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի մասնակցությունը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ փոխհարաբերությունների զարգացումը, մասնակցությունը եվրոպական ինտեգրացման գործընթացներում, եվրատլանտյան եւ հետխորհրդային տարածքի համագործակցության կառույցներում:

Տարածաշրջանային օրակարգի առաջնահերթ հարցերի թվում նախարարը նշել է անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը, տարածաշրջանային կայունության ամրապնդումը, փոխշահավետ համագործակցության ծավալումը, այստեղ իրականացվող միջազգային տնտեսական ծրագրերում երկրի մասնակցության ապահովումը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Վարդան Օսկանյանը նշել է, որ թեեւ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում «որեւէ տեսանելի առաջընթաց չգրանցվեց, սակայն մենք շարունակելու ենք մեր դրական ներգրավվածությունը ունենալ այս զգայուն եւ կարեւոր գործընթացում, չխնայելով մեր ջանքերը` կարգավորելու հակամարտությունը եւ նպաստելու տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը»:

Արտգործնախարարն ընդգծել է Հայաստանի սերտ, բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, որոնք, ըստ նրա, պարարտ հող են նախապատրաստել տարբեր բնագավառներում երկկողմ նախագծերի իրականացման համար: Նշելով, որ այս տարվա մարտի 19-ին Հայաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ բացվեց Իրան - Հայաստան գազատարը եւ երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվեց Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության համաձայնագիրը, Օսկանյանը հայտնել է, որ ներկայումս քննարկվում են էներգետիկ ոլորտում համագործակցության այլ ծրագրեր: Նրա հավաստմամբ, հայ - իրանական համագործակցությունը բավական ընդգրկուն է եւ չի սահմանափակվում միայն էներգետիկ համագործակցությամբ. - «Արդյունավետ եւ ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ տրանսպորտի, առեւտրի, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, մշակույթի բնագավառներում»:

Սփյուռքյան պարբերականին տված հարցազրույցում արտգործնախարարն անդրադարձել է նաեւ երկքաղաքացիության խնդրին` շեշտելով. - «Երկքաղաքաքացիության ինստիտուտի ընդունումը Հայաստանի կողմից ողջունելի է եւ այն կարելի է միայն դրական համարել: Այնպիսի ժողովուրդ, ինչպիսին է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, հնարավորություն կունենա մշտապես կապված լինելու իր Հայրենիքին` նաեւ երկրի քաղաքացիությունը ունենալով: Միաժամանակ, Հայաստանի անկախության այս նոր փուլում, Հայաստանը պետք է գործի դնի այն ճկունությունը, որն իր ազգային առանձնահատկությունների մասն է կազմում, որպեսզի գտնի ու ստեղծի նոր ռեսուրսներ` իր դիրքերը պահպանելու համար: Այս նոր պաշարների մի մասը կգա Հայաստանից, իսկ մյուսը` Սփյուռքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG