Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-֊ը հայտնում է. - «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանը օգոստոսի 3-֊ին այցելել է Իջեւան: Նրան ուղեկցել են ՀՀՇ֊-ի վարչության, «Հանրապետություն» կուսակցության, «Իմպիչմենտ» դաշինքի գործիչները: Հանդիպման մասնակիցները «Առավոտ»-֊ին վստահեցրել են, թե սա զուտ ընկերական հանդիպում էր: Բայց ընթացքում, այնուամենայնիվ, հնչել են պնդումներ, որ Լեւոն Տեր֊Պետրոսյանը պետք է առաջադրվի 2008֊-ի նախագահական ընտրություններում»:

Նույն թերթը փաստում է. - «80-֊ամյա ամերիկահայ նկարիչ եւ կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանի վերջին այցը հայրենիք բոլոր իմաստներով անհաջող էր: Նախ՝ նա այդպես էլ չկարողացավ տեղ գտնել Հայաստան բերած իր՝ Միջին Արեւելքի թանգարանի եզակի հավաքածուի համար: Իսկ երկու օր առաջ նա ավազակային եւ շատ դաժան հարձակման էր ենթարկվել: Երեկ հայտնի դարձավ, որ պարոն Գրիգորյանը ենթարկվել էր վիրահատության. բժիշկները նրա գլխին 8 կար են դրել եւ մեկ կար՝ շուրթերին: Հիշեցնենք, որ նախորդ օրը երկու դիմակավորված անձինք գիշերվա ժամը 2-֊ին մուտք էին գործել Զուրաբյան փողոցում գտնվող նրա բնակարանը, կապել էին նրան աթոռին եւ դաժանաբար ծեծել: Նկարչից գողացել էին ոչ միայն այդ պահին գտնված 400 դոլարը, այլեւ ԱՄՆ մեկնելու տոմսը եւ բանկային քարտերը: Մարկոս Գրիգորյանի վրա ավազակային հարձակման մասին տեղյակ է պահվել հանրապետության նախագահին եւ ոստիկանապետին»:

«Հայք»-֊ը տեղեկացնում է, որ «այս պահին Ադրբեջանում եւ Հայաստանում կան երկուական գերիներ, որոնք գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Կարմիր խաչի ներկայացուցիչները արդեն 4 անգամ այցելել են Վալերի Սուլեյմանյանին: Վերջինս Ադրբեջանի սահմանն անցել էր ինքնակամ, այս տարվա մայիսին: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի մամուլի քարտուղար Գյուլնազ Գուլիեւան հայտնել է, որ Սուլեյմանյանի առողջական վիճակը նորմալ է եւ նա չի բողոքում իրեն պահելու պայմաններից: Մոտ օրերս Կարմիր խաչի ներկայացուցիչները մտադիր են այցելել նաեւ հայ ռազմագերի Համբարձում Ասատրյանին: Նա Ադրբեջանի սահմանն անցել է ընդամենը 4 օր առաջ, եւ հետաքննությունը դեռեւս չի պարզել նրա՝ հայրենիքը լքելու պատճառները: Գյուլնազ Գուլիեւան նաեւ տեղեկացրել է, որ շարունակվում են բանակցությունները անցած տարվա դեկտեմբերի 25֊ին գերի ընկած Ադրբեջանի քաղաքացի Սամիր Մամեդովին Ադրբեջանին վերադարձնելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչները ադրբեջանցի ռազմագերուն այցելել են արդեն 20 անգամ, վերջինս չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Հայկական կողմում գտնվող երկրորդ ռազմագերին Անար Ալիեւն է, իսկ Ադրբեջանում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվոր Համբարձում Ասատրյանը եւ Վալերի Սուլեյմանյանը»:

Նույն թերթը գրում է. - «2004 թվականից առ այսօր Շիրակի մարզում այլեւս բնակարանային որեւէ շինարարություն չի ընթանում: Անօթեւանների խնդիրները լուծելու փորձեր այժմ կատարվում են միայն պետբյուջեից տրամադրվող գումարներով «Բնակարանների վերականգնման վկայագրեր» ձեռք բերելու միջոցով: Սակայն այս մեթոդն իրեն ընդհանրապես չի արդարացնում: Ու այսօր էլ ոչ պաշտոնական լրատվության համաձայն՝ միայն Գյումրիում անօթեւանի կարգավիճակ ունի ավելի քան 4 հազար ընտանիք»:

Իսկ «Առավոտ»-֊ը հիշեցնում է. - «Այսօր նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական-֊քաղաքական գործիչ, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Խորհրդային Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Վարդգես Պետրոսյանը կլիներ 75 տարեկան: Վարդգես Պետրոսյանը սպանվեց խորհրդավոր հանգամանքներում 1994 թվականի ապրիլի 15-ին. նրա սպանությունը, հավանաբար, կմնա չբացահայտված հանցագործությունների շարքում: Տարօրինակ է, որ Գրողների միության երկարամյա նախագահի ծնունդը պետականորեն հարկ չեն համարել նշել: Դա պետք է աներ գոնե Գրողների միությունը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG