Մատչելիության հղումներ

Առինջում ՌԴ քաղաքացու սպանության առնչությամբ Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչը կհանդիպի նախաքննության մարմնին


Ինչպես չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչը վաղը կհանդիպի Առինջ գյուղի մոտ օգոստոսի 6-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գենադի Երմոլովի սպանության գործով զբաղվող նախաքննության մարմնի ներկայացուցիչներին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ խնդրանքով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ պարզել ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, որին տեղեկացրել եմ իրավիճակի մասին, քանզի ինքս առավոտյան փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ եմ եղել, իմացել եմ ընթացքը, որը բավականաչափ հետաքրքրում է ռուսական կողմին եւ փոխանցել եմ իրենց: Մենք հետեւում ենք գործընթացին եւ շարունակական կապ կունենանք փոխարտգործնախարար Կարասինի հետ»:

Դիտարկմանը, թե չի բացառվում, որ Հայաստանում եւ Ռուսաստանում հասարակության որոշ հատվածներում ձեւավորվեն ենթադրություններ, թե սա կարող է ազգամիջյան հողի վրա դատաստան լինել` ի պատասխան Ռուսաստանում ազգությամբ հայերի սպանության, Հայաստանի փոխարտգործնախարարը արձագանքեց. - «Դրանք մանկական մտածելակերպ ունեցող մարդկանց մոտեցումներ են»:

Օգոստոսի 6-ին` կեսգիշերից քիչ անց սպանված 22֊-ամյա Գենադի Երմոլովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Հայաստանում ռուսական սահմանապահ զորքի լեյտենանտ: Օդաչու չէ, ինչպես նախկինում գրել էր մամուլը: Նույն կարգավիճակն ունի նրա հասակակից Անատոլի Կռիլովը, որը դեպքի օրը վարելիս է եղել մեքենան Առինջ գյուղի տարածքում, երբ անհայտ անձինք, ըստ ոստիկանություն տված նրա հաղորդման, կանգնեցրել են մեքենան, իրեն եւ աշխատանքային իր չորս ընկերներին ծեծի ենթարկել, ապա թույլ տվել հեռանալ, բայց մոտ 6 մետր հեռանալուց հետո կրակոցներ են արձակել մեքենայի հետեւից, որոնցից մեկը մահացու է եղել Երմոլովի համար:

Ձերբակալված Արտեմ Անդրեասյանն ու Գոռ Բալյանը կասկածվում են «շատերի կյանքի համար վտանգավոր հանգամանքներում սպանություն կատարելու մեջ»: Առգրավված որսորդական «Սայգա» տեսակի ակոսափող երկու հրացաններն ուղարկված են դատաձգաբանական փորձաքննության:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վստահելի աղբյուրների, դեպքի ընթացքում փոխհրաձգություն տեղի չի ունեցել. այսինքն` տուժածները զենք չեն գործադրել:

Անդրեասյանի եւ Բալյանի նախնական կալանքի առավելագույն` 72 ժամը լրանում է վաղը: Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, վաղը նախաքննության մարմինը նրանց մեղադրանք կառաջադրի, կորոշվի խափանման միջոցը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG