Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գերագույն դատարանը սկսում է Կալմիկիան ներկայացնող նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի գործի քննությունը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից, այսօր տեղի կունենան նախնական լսումներ, որոնք կանցնեն փակ ռեժիմով:

Ամբաստանյալների թվում են նաեւ նախկին սենատորի փեսան` Ռուսաստանի հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը, եւ Չախմախչյանի ղեկավարած Ռուս - հայկական գործարար համագործակցության ընկերության գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը:

Ամբաստանյալները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում խարդախության միջոցով «Տրանսաերո» ավիաընկերությունից 1,5 միլիոն դոլար հափշտակելու մեջ:

Քննությունը պնդում է, որ Չախմախչյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, 2006 թվականի գարնանը առաջարկել է 1,5 միլիոն դոլարի դիմաց Հաշվիչ պալատի ստուգման ակտից հանել մաքսային վճարումներ կատարելու` «Տրանսաերո»-ին ներկայացված պահանջներին վերաբերող տվյալները: Ըստ քննության նյութերի, Չախմախչյանի պահանջած գումարի մեծ մասը պետք է փոխանցվեր տարբեր ֆիրմաների` շինծու պայմանագրերի հիման վրա, իսկ 300 հազարը պետք է հանձնվեր կանխիկ:

Նույն տարվա ապրիլին Դոմոդեդովյան մաքսակետում կատարած ստուգումների արդյունքում Հաշվիչ պալատը պարզել էր, որ հիշյալ ավիաընկերությունը ապօրինի կերպով օգտվել է մաքսային եւ հարկային արտոնություններից, ինչի հետեւանքով դաշնային բյուջե չի մուծել շուրջ 280 միլիոն դոլար կազմող գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG