Մատչելիության հղումներ

Վրացական կողմը մեղադրում է Ռուսաստանին «ագրեսիայի» մեջ


Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր հայտարարել է, թե ռուսաստանյան երկու ռազմական օդանավեր «ագրեսիայի ակտ» են կատարել` հրթիռ արձակելով վրացական տարածքի վրա:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Մերաբիշվիլին ասել է, որ վրացական ռադարը ցույց է տվել Ռուսաստանից թռչող, ապա նույն ուղղությամբ վերադարձող օդանավերը:

Վրաց պաշտոնատարների պնդմամբ, հրթիռը ընկել է Ծիթելուբանի գյուղի տարածքում` մայրաքաղաք Թբիլիսիից շուրջ 65 կիլոմետր հեռավորության վրա, սակայն չի պայթել:

Այդուհանդերձ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի խոսնակ, գնդապետ Ալեքսանդր Դրոբիշեւսկին հերքել է այդ մեղադրանքները:

«Ռուսաստանյան ռազմաօդային ուժերի օդանավերը ոչ երկուշաբթի ցերեկը եւ երեկոյան, ոչ էլ այսօր առավոտյան որեւէ թռիչք չեն կատարել տվյալ շրջանում եւ ոչ մի կերպ չէին կարող խախտել սահմանակից պետության օդային տարածքը», - հայտարարել է Դրոբիշեւսկին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը:

Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Միխայիլ Մինձաեւը, իր հերթին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել է, թե հենց վրացական ռազմաօդային ուժերի օդանավն է հրթիռ արձակել վրաց - հարավօսական հակամարտության գոտու անմիջական հարեւանությամբ: Նրա պնդմամբ, հրթիռակոծման նշանակետը Ցինագար բնակավայրն էր, սակայն հրթիռը վրիպել է եւ պայթել հակամարտության գոտու հարեւանությամբ: Նա նաեւ հայտնել է, որ վրացական կողմը իրենց չի թողնում դեպքի վայր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG