Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է «շարունակել բանակցությունները սեղանի վրա դրված սկզբունքների հիման վրա»:

«Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը ասել է. - «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները սեղանի վրա դրված սկզբունքների հիման վրա: Հակառակ ադրբեջանական կողմի տատանումների եւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու նախանշաններին` մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս ընտրությունները դարձան Արցախի բնակչության ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ապահովման գրավականներից մեկը, ինչն իր հերթին միայն դրական ազդեցություն կարող է ունենալ հետագա բանակցային գործընթացի վրա: Այս ընտրությունների անտեսումը ոչ կոռեկտ է եւ ուղղակիորեն հակասում է ժամանակակից քաղաքական արժեքներին, այն դեպքում, երբ Արցախում ընտրովի իշխանությունների առկայությունը նախատեսված է մի շարք միջազգային փաստաթղթերով», - հայտարարել է Օսկանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի` Միացյալ Նահանգների հետ համատեղ օգտագործման ռուսաստանյան առաջարկին վերաբերող հարցին` Հայաստանի արտգործնախարարը ասել է. - «Մեր կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործման հարցը մեծ քաղաքականության մաս է կազմում: Այնքան ժամանակ, որքան խոսքը միայն կայանի շահագործման մասին է, այլ ոչ թե հրթիռների տեղակայման, այն չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա: Կարծում եմ, այստեղ մտահոգվելու պատճառ առավել շատ ունի Ադրբեջանը, որն իր կամքից անկախ կարող է մեծ քաղաքականության զոհ դառնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG