Մատչելիության հղումներ

«ԱԼՌՈՍԱ»-ն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի եւ ոսկու արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի` «ԱԼՌՈՍԱ»-ի նախագահ Սերգեյ Վիբորնովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վիբորնովը ներկայացրել է ընկերության առաջիկա ծրագրերը եւ Հայաստանում գործունեությունն ընդլայնելու, ներդրումային նոր եւ խոշոր նախագծեր իրականացնելու մտադրությունները` նկատի առելով հայկական ադամանդագործական եւ ոսկերչական ընկերությունների հետ համագործակցության փորձը, երկրում բարձրորակ մասնագետների առկայությունը, ինչպես նաեւ Հայաստանի բարենպաստ օրենսդրական եւ ներդրումային միջավայրը:

Միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Հայաստանում դեռեւս 2002 թվականից գործունեություն ծավալած «ԱԼՌՈՍԱ»-ն, ընկերության նախագահի հավաստմամբ, նպատակ ունի ակնագործության եւ ոսկեգործության բնագավառներում փոխշահավետ եւ ամուր համագործակցություն զարգացնել:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է համագործակցության խորացմամբ, հետաքրքված է ընկերության ներդրումային ծրագրերով:

Վարչապետը խրախուսելի է համարել լուրջ ու հեռանկարային գործունեություն ծավալելու նպատակով Հայաստան խոշոր ընկերությունների մուտքը: Նա կառավարության պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու այդպիսի ընկերությունների գործունեությանը երկրում, ինչի վկայությունն է այսօր կառավարության եւ «ԱԼՌՈՍԱ» ընկերության միջեւ ստորագրված` ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:



(Լուսանկարում` Սերգեյ Վիբորնովը եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը համաձայնագրի ստորագրման պահին)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG