Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(շաբաթ, 4-ը օգոստոսի)

«Հայք»֊-ը հիշեցնում է. - «Տասնյոթ տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 4-ին, հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարն ընտրվեց ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Հուրախություն հարյուր հազարավոր մարդկանց, Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Լեւոն Տեր֊Պետրոսյանը: Այս ընտրությամբ Հայաստանը սկսեց իր ճանապարհը դեպի անկախություն եւ ժողովրդավարություն»:

Նույն թերթը, սակայն, իր մեկ այլ հոդվածում նկարագրում է, թե ուր է բերել այդ ճանապարհը. - «Տնտեսության մեջ առաջ է եկել նոր հասկացություն. «իշխանությունների դաբրո», առանց որի այսօր հասարակ քաղաքացին հնարավորություն չունի զբաղվել ոչ որեւէ ապրանքի ներկրմամբ, ոչ էլ մանր ու միջին բիզնեսով: Հայաստանում ձեւավորվել է ստվերային բյուջե, որն իր մեծությամբ կարող է մրցել Հայաստանի պետական բյուջեի հետ: Ստվերային բյուջեն գոյանում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի գիտությամբ ու թելադրանքով՝ նրանց անմիջական հովանավորության տակ գտնվող տնտեսության առավել եկամտաբեր եւ արդեն մենաշնորհի վերածված ոլորտներում: Իզուր չէ, որ հայտնի օլիգարխ, «Բարգավաճ Հայաստան»֊-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզան հայտարարել էր, թե իրենք լավ են անում, որ հարկ չեն մուծում, քանի որ ոմանք պետբյուջե մտնող այդ գումարները տանում, տանուլ են տալիս Մոնտե Կառլոյի կազինոներում»:

«Առավոտ»-֊ի տեղեկություններով, հուլիսի 28-֊ին Ծաղկաձորում կերուխումից հետո Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկը հարբած վիճակում ծեծել է հայտնի շինարար Բեզոյանի որդուն: «Բախտի բերմամբ, նույն օրը Ծաղկաձորում է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահը, եւ պարոն Բեզոյանն անմիջապես տեղեկացրել է վերջինիս գեներալի բարեկամի սանձարձակությունների մասին: Ռոբերտ Քոչարյանը կարգադրել է անմիջապես ձերբակալել գեներալի բարեկամին», - գրում է թերթը:

Նույն թերթն իր խմբագրականում ներկայացնում է. - «Նախընտրական տեխնոլոգիաների համաշխարհային զինանոցում կան արդեն մշակված հնարքներ, որոնք լայնորեն կիրառվում են նաեւ հետխորհրդային երկրների պրակտիկայում: Նման հնարքներից է, այսպես ասած, «դուբլյորի» կամ «դուբլյորների» առաջադրումը: Էությունը հետեւյալն է. հիմնական թեկնածուն ընտրապայքար է ներմուծում եւս մեկ֊-երկու թեկնածուների, որոնք մասնակցում են ընտրապայքարին ոչ թե հաղթելու, այլ՝ իրենց թեկնածուին սատարելու ու, նախեւառաջ, նրա մրցակիցներին պախարակելու համար: Հայաստանում այս տեխնոլոգիան կիրառվում է 98-֊ի նախագահական ընտրություններից սկսած: Այն ժամանակ Քոչարյանի «դուբլյորներն» էին, մասնավորապես, Պարույր Հայրիկյանը եւ Արամ Գասպարի Սարգսյանը, որոնք ընտրություններին մասնակցում էին ապագա նախագահի հակառակորդներին փնովելու համար: Բնականաբար, հարց է ծագում. կունենա՞ արդյոք Սերժ Սարգսյանը «դուբլյորներ» առաջիկա նախագահական ընտրություններում: Կան մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր ստանձնել այդ՝ ոչ այնքան ծանր պարտականությունը: Այդպիսի գործիչներ են, օրինակ, Տիգրան Կարապետիչը, Տիգրան Ուրիխանյանը կամ Սարգիս Ասատրյանը: Եթե նրանք առաջադրվեն, ապա կօգտագործեն իրենց հասանելիք քարոզչական ժամանակը՝ դատափետելու համար բոլոր նրանց, ովքեր 90-֊ականներին «երկիրն ընկղմել են խավարի մեջ», ինչպես նաեւ կբացահայտեն «համաշխարհային իմպերիալիզմի դավադրությունները»՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Նախընտրական պայքարի ընթացքը ցույց տվեց, որ 2003-ի ընտրություններով իրենց սպառած ՀԺԿ-ի ու «Ազգային միաբանության» փրկչական-պոպուլիստական քարոզարշավը այլեւս որեւէ ազդեցություն չի գործում ընտրազանգվածի վրա։ Դրան հակառակ, իր կառույցների մեծ մասը պահպանած «Օրինաց երկիր»-֊ն ու խարիզմատիկ առաջնորդ ունեցող «Ժառանգություն»-֊ը դանդաղորեն, բայց մեծ հետեւողականությամբ փորձում էին գրավել ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքը: Այսպիսով, Ազգային ժողովում իշխանությանն աջակցող ուժերի ձեռք բերած հսկայական գերազանցության թիվ մեկ մեղավորը հենց ինքը՝ ընդդիմությունն էր, որը թերեւս այդ պատճառով էլ լրջորեն չփորձեց անգամ կասկածի տակ դնել քվեարկության արդյունքները»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG