Մատչելիության հղումներ

Այսօր Թուրքիայի նախագահը վարչապետին կառաջարկի կառավարություն կազմել


Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը այսօր վարչապետ Ռեջեփ Էրդողանին պաշտոնապես կառաջարկի նոր կառավարություն կազմել:

Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հուլիսի 22-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել` Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ստանալով 550 տեղերից 341-ը: Դա 10-ով պակաս է, քան նախորդ խորհրդարանում, սակայն բավարար է մեծամասնություն կազմելու համար:

Նորընտիր Ազգային մեծ ժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը: Միջազգային պառլամենտական ավանդույթի համաձայն, այն վարել է ամենատարեց օրենսդիրը՝ 99 տեղ շահած ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Շյուքրու Էլեքդաղը, ով ասել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարը, հավանաբար, կստանձնի վարչապետի պաշտոնը:

Նա հորդորել է Էրդողանին խոհեմ գործել եւ ամեն ինչ անել քաղաքական ասպարեզում բեւեռացումը կանխելու համար: «Միայն ժողովրդավարական եւ աշխարհիկ արժեքները պաշտպանելու քաղաքականությունը կօգնի երկրին հասնել արդիական քաղաքակրթության մակարդակին», - ասել է Էլեքդաղը:

Երկարատեւ բացակայությունից հետո խորհրդարան է ընտրվել նաեւ քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը, որն Ազգային մեծ ժողովում 21 տեղ է ստացել: Թուրք մեկնաբաններից շատերը մտահոգված են, թե այդ կուսակցությունը գուցեեւ առայսօր պահպանել է կապերը երկրի հարավարեւելյան շրջանում քրդերի ինքնավարության համար զինված պայքար մղող Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Խորհրդարան ընտրված բոլոր կուսակցությունները հայտարարել են, թե չեն համագործակցի Ժողովրդավարական հասարակության կուսակցության հետ, քանի դեռ այն հրապարակավ չի հայտարարել, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, այդ կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը NTV հեռուստակայանին տված հարցազրույցում հրաժարվել է Քրդական աշխատավորական կուսակցությունն անվանել ահաբեկչական կառույց:

Խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում մնացել է ներքաղաքական հրատապ եւս մեկ հարց՝ նախագահի ընտրությունը: Ենթադրվում է, որ եթե ոչ այսօր, ապա առաջիկա օրերին «Արդարություն եւ զարգացում»-ը կհայտնի իր թեկնածուի անունը: Հավանական թեկնածուներից մեկը վերստին համարվում է արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուը: Ընդդիմության կազմակերպած բոյկոտի շնորիվ Գյուլի ընտրությունը խափանվել էր նախ ապրիլին, ապա` մայիսին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG