Մատչելիության հղումներ

Հովհաննես Հունանյան. «Արման Բաբաջանյանը եւս բացառություն չէր լինելու»


Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, ով նաեւ Դատապարտյալներին պատժից վաղակետ ազատող հանձնաժողովի նախագահն է, ուրբաթ օրը հայտարարեց, որ «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պատժից վաղակետ ազատելու միջնորդությունը մերժվել է, քանի որ «հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել»:

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով 2006 թվականին կալանավորված Բաբաջանյանին հետագայում դատարանը դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման, եւ պատժաչափի որոշակի մասը կրելուց հետո, նա դիմել էր Հունանյանի գլխավորած հանձնաժողովին` վաղակետ-պայմանական ազատվելու միջնորդությամբ, որը մերժվել էր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այս շաբաթ ավելի վաղ Բաբաջանյանը հայտարարել էր, թե իր միջնորդության մերժումը «քաղաքական որոշման արդյունք» էր:

Հունանյանը, մինչդեռ, ուրբաթ օրը ասաց. - «Արման Բաբաջանյանի հարցը քննարկվել է հանձնաժողովում: Հանձնաժողովի անդամների կողմից եղել է տարակարծություն նրան ազատելու եւ չազատելու վերաբերյալ: Սեպտեմբեր ամսից այս մեր հանձնաժողովը գործում է, եւ այդ ընթացքում տասնյակ բանակից խուսափելու դեպքում կալանավորված անձանց հարցեր են քննարկվել պայմանական-վաղակետ ազատելու, եւ որեւէ մեկը չի ազատվել հանձնաժողովի կողմից: Եվ կարծում եմ, որ Արման Բաբաջանյանը եւս բացառություն չէր լինելու այդ խմբի մեջ: Արման Բաբաջանյանի հարցով կատարվել է փակ գաղտնի քվեարկություն, հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG