Մատչելիության հղումներ

logo-print

Մեթյու Բրայզա. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին»


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա նոյեմբերին: Այս մասին Բաքվում ուրբաթ օրը հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, ըստ «Թրենդ»-ի, Մեթյու Բրայզան հայտարարել է, թե համանախագահները հիասթափված էին հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներից:

«Սակայն Ադրբեջան եւ Երեւան այցելություններից հետո մենք տեսանք, որ գործընթացը շարունակվել է», - նշել է ամերիկացի միջնորդը:

Ադրբեջան ժամանած Մեթյու Բրայզային երեկ օրվա երկրորդ կեսին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Lեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ էներգետիկայի ոլորտում Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած որոշում պետք է փոխզիջումային լինի: Հունիսին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո պարզ չէր, թե արդյոք կողմերը ցանկանում են լուծման փոխզիջումային ուղի որոնել: Կողմերը պետք է ինչ-որ բան զոհաբերեն, որպեսզի ինչ-որ բան ստանան», - Բաքվում հինգշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել էր Մեթյու Բրայզան:

«Ամոթ կլինի, եթե այսքան տարի տեւող Մինսկի գործընթացը դադարի: Մենք պետք է օգտագործենք մինչեւ [Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական] ընտրությունները մնացած ժամանակը, որպեսզի ավարտենք հիմնարար սկզբունքների ձեւավորումը, եւ այդ սկզբունքները պետք է Հելսինկիի սկզբունքների շրջանակներում լինեն եւ հանգեցնեն [հակամարտության] խաղաղ կարգավորմանը», - նշել է ամերիկացի դիվանագետը:

Անդրադառնալով Մոսկվայում նախօրեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններին` ամերիկացի միջնորդը ասել է. - «Իմ գործընկերները հանդես եկան հետաքրքիր գաղափարներով, որոնք ի հայտ եկան պետերբուրգյան հանդիպումից հետո: Գործընթացում ընդամենը մի քանի բարդ պահեր կան, որոնք պետք է լուծվեն, որոնք կարող են լուծվել: Անհրաժեշտ է միայն երկրների առաջնորդների որոշումը: Մինսկի խումբը կարող է միայն առաջարկել, բայց որոշումը կողմերը պետք է կայացնեն»:

Մեթյու Բրայզան խոսել է նաեւ հունիսի վերջին հայ եւ ադրբեջանցի մտավորականների` Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու կատարած այցելության մասին: «Դա լավ օրինակ է, հուսով եմ ապագայում նման այցերը ավելի շատ կլինեն: Երբ գտնվի լուծումը, ժողովուրդները պետք է շփվեն, միասին ապրեն, եւ հիմա ժամանակն է սկսել դա»:

«Տարածքային ամբողջականությունը` Հելսինկիի սկզբունքներից մեկն է: Մյուս երկու սկզբունքներն են ուժի չկիրառումը եւ ինքնորոշման իրավունքը, ոչ թե անկախությունը: Ինքնորոշումը շատ բան կարող է նշանակել: Բոլորիս` երկրների առաջնորդների, համանախագահների եւ ժողովուրդների համար ամենադժվարը այս հարցերի շուրջ փոխզիջում գտնելն է, բայց ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Մենք մոտ ենք դրան», - եզրափակել է Մեթյու Բրայզան:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG