Մատչելիության հղումներ

Գերմանական ընկերությունը լրացուցիչ ներդրումներ է կատարելու Հայաստանում


Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս, Քրոնիմեթ ընկերության (CRONIMET GRUPPE) հիմնադիր եւ նախագահ Գյունթեր Պիլարսկին այսօր Երեւանում, իր գոհունակությունն արտահայտելով Հայաստանում իրենց 7-ամյա գործունեության կապակցությամբ, հայտարարեց, որ առաջիկայում ընկերությունը ծրագրում է 60-80 մլն դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել:

«Քրոնիմեթ»-ին է պատկանում է «Մաքուր երկաթ գործարան» ընկերության վերահսկիչ փաթեթը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսը: Կոմբինատը վերջին մի քանի տարիներին Հայաստանի խոշորագույն հարկատուների հնգյակում է:

Քաջարանի հանքավայրի համար դեռեւս 3 տարի առաջ հաստատված ծրագրով նախատեսվում է 150 մլն դոլարի ներդրում, որից 60 միլիոնը արդեն կատարվել է այս տարի:

Առաջիկայում «Քրոնիմեթ»-ը նպատակ ունի ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում, մասնավորապես` տեղում պղնձի խտանյութի վերամշակման նոր ծրագրի տեսքով, որը նախատեսում է մոտավորապես 60-80 մլն դոլարի լրացուցիչ ներդրումներ:

Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ շրջակա միջավայրի խնդիրը: Պիլարսկին երեկ վարչապետին, իսկ այսօր լրագրողներին վստահեցրեց, որ վերամշակումը իրականացվելու է նորագույն սարքավորումներով եւ լիովին անվնաս է շրջակա միջավայրի համար:

2005-ին եւ 2006-ին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 300 մլն դոլար: Այս տարվա առաջին կեսին արդեն այս թիվը կազմել է 174 մլն դոլար:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG