Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացին փորձել է Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով զենք ներկրել


Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի մեկ շաբաթ առաջ` հուլիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի փորձել է մաքսանենգ ճանապարհով զինամթերք տեղափոխել Հայաստան:

Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստում բեռնատար ավտոմեքենայի քարշակում կատարված մաքսային զննման ընթացքում հայտնաբերվել են ռեակտիվ հրետանային «Գրադ» եւ «Ֆագոտ» կոչվող շարժական հրթիռային կայանքների պահեստամասեր: Բեռնատարում հայտնաբերվել են նաեւ ռազմական նշանակության այլ նյութեր եւ սարքեր:

Ռուս մաքսավորները պնդում են, որ այս ամենն օգտագործվում է «Գրադ» եւ «Ֆագոտ» կայանքների շահագործման ժամանակ: Մաքսավորները այս պահին չեն բացահայտում զենք տեղափոխելու փորձն իրականացրած հայաստանցու ինքնությունը` նշելով միայն, որ նա մաքսային հայտարարագրում նշել էր, թե բեռնատարում միայն հեղուկ գազի բալոններ են, գազի կենցաղային հաշվիչներ:

Կրասնոդարի մաքսային վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 188 հոդվածի հիման վրա` «Տեղափոխման հատուկ կարգ պահանջող զինամթերքի մաքսանենգություն»:

Հարավային Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արարատ Գոմցյանը այժմ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում է եւ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նշեց, որ որեւէ տեղեկություն կատարվածի մասին չունի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG