Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը եւս 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացմանը


Հայաստանի ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար Համաշխարհային բանկի տրամադրելիք 5 միլիոն ամերիկյան դոլարի վարկը նպատակաուղղված է ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնմանը, ինչպես նաեւ Ջրօգտագործողների ընկերակցությունների ուսուցմանն ու տեխնիկական օժանդակությանը:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Արուս Ալավերդյանը վստահեցնում է, թե ոռոգման համակարգի զարգացմանը զուգահեռ մեծ առաջընթաց է ապրում Ջրօգտագործողների ընկերակցությունների իսնտիտուտը, որը ստեղծվել է 2003 թվականին:

Ծրագրերի պատասխանատուն դա հիմնավորում է մատակարարվող ջրի դիմաց գանձվող գումարների չափով` նշելով, որ դրանք տարեցտարի ավելանում են: Եվ դա էլ առիթ է հանդիսանում, որպեսզի Ջրօգտագործողների ընկերակցությունները համաֆինանսավորեն ծրագիրը:

Բացի Համաշխարհային բանկի հաստատած 5 միլիոնից, որպես ծրագրի իրականացման համաֆինանսավորում, 850 հազար դոլար կհատկացնեն Ջրօգտագործողների ընկերակցությունները:

Նախկինում տրամադրված վարկերով արդեն իսկ նորոգվել է 190 կիլոմետր հատվածով ներտնտեսային ցանց, մինչդեռ ամբողջ երկրում այդ ցանցի երկարությունը 15 հազար կիլոմետր է:

Նախկինում այս ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրել էր շուրջ 7 միլիոն դոլար:

1994 թվականից ի վեր Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային բանկը տրամադրել է մոտ 100 միլիոն դոլար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG