Մատչելիության հղումներ

Յոհաննեսբուրգի քաղաքային խորհրդում ընդդիմադիրների համար սահմանվել է ելույթների ռեկորդային սահմանափակում


Յոհաննեսբուրգի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամները այսուհետեւ պիտի իրենց ելույթները ամփոփեն 4 վայրկյանի ընթացքում:

Այդպես է որոշել 1994 թվականի առաջին ոչ ռասայական ընտրություններից ի վեր կառավարող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը: Պատգամավորներին ելույթի համար ժամանակ է տրամադրվելու` ըստ ֆրակցիայի անդամների քանակի:

Ընդդիմադիրների համար ելույթի տեւողությունը սկսվում է 4 վայրկյանից (ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի համար` 2,5 րոպե): «Աֆրիկյան ազգային կոնգրես»-ը ներկայացնող պատգամավորներին ելույթի համար կտրամադրվի 9 րոպե:

Յոհաննեսբուրգի քաղաքային խորհրդում իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավար Բաֆանա Սիթոլեն հայտարարել է. - «Եթե կուսակցությունը ընդունակ չէ 4 վայրկյանում ձեւակերպել իր դիրքորոշումը, թող ընդհանրապես ճառերով հանդես չգա»:

Ընդդիմադիրները, բնականաբար, այլ կերպ են մտածում:

«Սրանով «Աֆրիկյան ազգային կոնգրես»-ը փորձում է լռեցնել մեզ», - ասել է ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը: - «Եթե նման գործելակերպը արմատավորվի եւ տարածվի մյուս քաղաքներում, մենք ավելի ու ավելի կմոտենանք միակուսակցական երկիր դառնալուն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG