Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի վերջին տարածաշրջանային այցը նշանավորվեց նրանով, որ Հարավային Կովկասում նա պաշտոնապես ներկայացավ ո՛չ թե որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, այլ, ինչպես ինքը բնորոշեց` ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկայի գծով խորհրդականի օգնական», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Սակայն նրա հայտարարությունների բովանդակությունից բխող առաջին տպավորությունն այն էր, որ ամերիկյան դիվանագիտությունը սկսել է ավելի զգուշավոր մոտեցումներ որդեգրել հարավկովկասյան հակամարտությունների մոտալուտ կարգավորման հեռանկարի հանդեպ»։

«Առավոտ»-ը «Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվացել է» վերնագրի ներքո փոխանցում է. - «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ պաշտոնանկությունից հետո մեծ մասամբ մեկուսացված կյանք էր վարում` հազվադեպ մասնակցելով հանրային միջոցառումների, վերջին շրջանում հանդիպումների է մեկնել Վանաձոր, Գյումրի եւ Ապարան»: «Առավոտ»-ի հարցին, թե ո՞րն է այդ հանդիպումների նպատակը, ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը պատասխանել է. - «Ամառ է, ուղղակի հանդիպում ենք մեր ընկերների հետ: Սա նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու հետ որեւէ կապ չունի: Եվ այդ հանդիպումներին ոչ միայն ՀՀՇ-ն է մասնակցում, այլեւ բոլոր այն մարդիկ, ովքեր Շարժման տարիներին այդ քաղաքներում ակտիվ են եղել»:

«Առավոտ»-ն այսօր իր խմբագրականում փորձում է կանխատեսել Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը ընտրություններից հետո. - «Եթե Սերժ Սարգսյանը դառնա նախագահ [իսկ առայժմ դրան խանգարող հանգամանքներ չեն երեւում], ապա առավել հավանական է, որ տեղի կունենա նույն համակարգի շրջանակներում իշխանության իրական փոխանցում, եւ նոր նախագահը, որը, ի տարբերություն Քոչարյանի, ներկայացնելու է որոշակի կուսակցություն, կստանձնի երկրի ղեկավարությունը ամբողջ ծավալով: Եվ շատ տրամաբանական կլինի, որ նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանան վարչապետի աթոռին տեսնել հենց իրենց` իշխող կուսակցության ներկայացուցչին: Ի՞նչ է անելու Քոչարյանը: Իհարկե, իր ասածի նման, թոշակի չի անցնի: Ոչ էլ, բարեբախտաբար, «ազգի թշնամի» կհայտարարվի, ինչպես որ ներկայիս պաշտոնական քարոզչությունն է անում Հայաստանի առաջին նախագահի հանդեպ: Ամենահավանական տեղը, որտեղ կարող է հայտնվել երկրորդ նախագահը, կարծում եմ, հայ-ռուսական խոշոր պետական բիզնեսն է»:

«Հունիս ամսվա արդյունքներով, Հայաստանում միջին աշխատավարձը մոտենում է 210 դոլարին` պաշտոնական տվյալներով անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ ավելանալով շուրջ 20 դոլարով։ Դրանում, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել ինչպես աշխատավարձի բարձրացումը, այնպես էլ դրամի արժեվորումը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Մասնավոր հատվածում ամենաբարձր աշխատավարձը գործում է հատկապես ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններում։ Խոսքը ոչ միայն առեւտրային բանկերի, այլեւ ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների մասին է։ Այս ոլորտում աշխատավարձը ավելի քան եռապատիկ գերազանցում է միջինին։ Ֆինանսական համակարգում դրանք հասնում են ավելի քան 219 հազար դրամի կամ շուրջ 650 դոլարի։ Համեմատության համար ասենք, որ երկրորդ տեղում գտնվող հանքարդյունաբերության բնագավառում միջին աշխատավարձը 137 հազար դրամ է: Աշխատավարձը համեմատաբար բարձր է նաեւ շինարարության ոլորտում՝ 280 դոլար, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսում՝ 270 դոլար, տրանսպորտի եւ կապի ոլորտում՝ 245 դոլար... Որքան էլ միջին աշխատավարձը Հայաստանում կազմում է մոտ 210 դոլար, այնուհանդերձ կան նաեւ ոլորտներ, որտեղ դա շատ ավելի ցածր է։ Առանձին դեպքերում՝ նույնիսկ կրկնակի պակաս միջինից։ Խոսքը առողջապահական եւ սոցիալական ծառայություններ մատուցող հատվածների մասին է։ Առողջապահության եւ սոցիալական հատվածներում աշխատավարձն ընդամենը 43,7 հազար դրամ է կամ շուրջ 128 դոլար։ Ի դեպ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում այն գրեթե կրկնապատկվել է: Աշխատավարձը միջինից ցածր է նաեւ կրթության համակարգում (մոտ 54,6 հազար դրամ)»։

«Հայք»-ը շարադրում է. - «90-ականների ծանր սոցիալական վիճակը ազդեց նաեւ գրպանահատների վրա, որոնք այսօր կրկին «գտել» են հնարավորություն զբաղվելու այդ հնագույն «արվեստով»: Երեք դատվածություն ունեցող Աշոտը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ ավելի լայն հնարավորություններ են բացվել իրենց համար: Նա նկատեց, որ այսօրվա գրպանահատները հիմնականում գողանում են ոչ թե դրամապանակներ, այլ բջջային հեռախոսներ, որոնք ավելի հարմար են իրացման համար, նաեւ հեշտ է գողանալը, քանի որ երիտասարդները շատ անուշադիր են... Գրպանահատների ամենասիրելի մետրոյի կայարանները երկուսն են` «Երիտասարդականը» եւ «Զորավար Անդրանիկը»: Մեկ փորձառու գրպանահատը մեկ օրվա ընթացքում կարող է գողանալ երեք-չորս բջջային հեռախոս, թեեւ լինում են օրեր, երբ ոչինչ էլ չի ստացվում... Գողացված հեռախոսները Հայաստանում չեն իրացվում, քանի որ դրանցում առկա նույնացման համարներով կարելի է հեշտությամբ գտնել հեռախոսները: Ուստի հայ եւ վրաց գրպանահատները փոխանակում են իրենց գողացած հեռախոսները. Հայաստանում գողացվածները վաճառվում են Վրաստանում, Վրաստանինը` Հայաստանում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG