Մատչելիության հղումներ

Յաշար Բույուքանըթ. «Ապագա նախագահը պետք է հավատարիմ լինի պետության աշխարհիկ կառուցվածքի գաղափարին»


Այսօր Անկարայում մեկնարկում է Թուրքիայի Գերագույն ռազմական Խորհրդի ամենամյա նիստը: Բանակի բոլոր զորատեսակների հրամանատարների, պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի մասնակցությամբ այս քառօրյա նիստը նախագահելու է վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Թուրքական հասարակությունը մեծ անհամբերությամբ է սպասում այս հավաքին` հաշվի առնելով իսլամիստ վարչապետի եւ բանակի հրամանատարների ամսեամիս ավելի ու ավելի սրվող հարաբերությունները:

Անցած գարնանը թուրքական բանակը երկրում քաղաքական ճգնաժամ հրահրեց այն բանից հետո, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բույուքանըթը հայտարարեց, թե բանակի համար անընդունելի կլինի իսլամիստ գործչի ընտրությունը նախագահի պաշտոնում: Թուրքական բանակի հրամանատարների հենց այս մոտեցումն ի վերջո հանգեցրեց նրան, որ Աբդուլա Գյուլը չդարձավ նախագահ, իսկ խորհրդարանական ընտրություններն անցան նախատեսվածից շուտ` ոչ թե նոյեմբերին, այլ հուլիսին:

Շատերը կարծում էին, որ Ռազմական խորհրդի նիստի նախօրեին թուրքական բանակի հրամանատարները կկարողանան ընդհանուր հայտարարի գալ վարչապետի գլխավորած իշխող կուսակցության հետ: Երկուշաբթի օրը, սակայն, Յաշար Բույուքանըթը վերահաստատեց իր եւ իր զինակիցների տեսակետը. - «Այն, ինչ ասում էինք նախկինում, այսօր էլ ուժի մեջ է: Ապագա նախագահը պետք է հավատարիմ լինի պետության աշխարհիկ կառուցվածքի գաղափարին»:

Չի բացառվում, որ այսօրվա նիստի քննարկման թեմաներից մեկը` երկրի ներքաղաքական զարգացումներից բացի, լինի քրդական ապստամբների դեմ պայքարը: Փորձագետների գնահատմամբ` Էրդողանի կուսակցության որոշ գործիչներ աստիճանաբար հակվում են Հյուսիսային Իրաք զորք ուղարկելու անհրաժեշտությանը: Այդ մասին օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում նշել էր նաեւ «Զաման» թերթի մեկնաբան Lալե Սարիիբրահիմօղլուն:

Հետաքրքրական է, որ հենց Թուրքիայի ռազմական խորհրդի նիստի նախօրեին տեղեկություններ հայտնվեցին, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան կարող են համատեղ գործողություններ իրականացնել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG