Մատչելիության հղումներ

Անցած ուրբաթ ձերբակալված արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի երեկվա որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Այդ մասին ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ:

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից ստացված նամակի եւ քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի գրավոր հայտարարության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականի հունիսի 27-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Վիննիցկի փողոցում բռնության եւ սպանության սպառնալիքներով, շահադիտական դրդումներով իրականացվել է քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի առեւանգումը՝ որպես փրկագին պահանջելով նախ՝ 500.000, ապա՝ 300.000 ԱՄՆ դոլար: Փրկագինը ստանալու համար ՀՀ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանը Մոսկվա է ուղարկել իր ներկայացուցչին, ով 2007 թվականի հուլիսի 6-ին, հանդիպելով առեւանգվածի հարազատներին, ստացել է փրկագինը՝ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական ռուբլի, որից հետո Ռուբիկ Սիմոնյանն ազատ է արձակվել», - ասված է հաղորդագրությունում: - «Հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար 31.07.07թ. որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Սամվել Հովհաննիսյանի բարեկամ Հ.Պողոսյանը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը մասնակցած բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու եւ հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG