Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Հասարակությունում վախ կա ոստիկանությունից»


Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, երկրի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, Հայաստանում մարդիկ ոստիկանությունից ավելի են վախենում, քան հանցագործներից:

«Հասարակությունում շատ ավելի մեծ վախ կա ոստիկանությունից, քան հանցագործներից, եւ դա ցավալի երեւույթ է», - այսօր ասաց Հարությունյանը` հավելելով, որ միայն քննադատությունը բավարար չէ: Նրա կարծիքով, անհրաժեշտ են «համակարգային լուծումներ»:

Արդարադատության նախկին նախարարը իշխանությունների միակ ներկայացուցիչն էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քննարկմանը, որի բոլոր մասնակիցները` լրագրողներ եւ իրավապաշտպաններ, համաձայն էին, որ հայաստանյան հասարակությունը այսօր, մեղմ ասած` չի վստահում ոստիկանությանը:

«Ոստիկանությունը կոռուպցիայի, ընդ որում ամենադաժան հողի վրա կոռուպցիայի մի մեծ խողովակ է, եւ այնտեղ է ամեն ինչը սկսվում: Հետագայում խոշոր գումարներով` լինի դա արյան գին, լինի դա կյանքի գին, լինի դա խոշտանգման գին, քողարկվում են հանցագործությունը գործած անձինք», - ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, այժմ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` շարունակելով. - «Այստեղ գործում են խոշոր շահեր: Ես չեմ հավատում, որ բարձրագույն իշխանությունը ուզում է վերջ դնել դրան ու չի կարողանում»:

Անդրադառնալով անցած մայիսին ոստիկանություն որպես վկա կանչված եւ այնտեղ անհասկանալի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի դեպքին (ոստիկանությունը պնդում է, թե Գուլյանը ինքնասպան է եղել կամ փախուստի փորձ կատարելիս լուսամուտից վայր է ընկել)` Ալավերդյանը նախ ասաց, որ ինքը երկար տարիներ զբաղվել է Ադրբեջանում խոշտանգված եւ անմարդկային վերաբերմունքից տուժած մարդկանց խնդիրներով, եւ իր փորձը վկայում է, որ ինքնակամ ոչ մեկը պատուհանից չի նետվում եւ ինքնասպան չի լինում:

«Եթե գտնում են, որ ավելի շուտ նա ողջ է եղել թռնելու ժամանակ, ուրեմն իրեն ողջ են գցել կամ բերել են այնպիսի վիճակի, որ ինքը պետք էր կա’մ իր պատիվը զոհաբերեր, կա’մ կյանքը... Եթե այսօր ոստիկանության աշխատողները ունակ չեն գտնել այդ մեղավորներին, մենք պետք է պահանջենք, որ վայր դնեն իրենց լիազորությունները», - ասաց Լարիսա Ալավերդյանը:

Քննարկման մասնակիցներից ArmeniaNow շաբաթաթերթի լրագրողները այսօր ներկայացրեցին Լեւոն Գուլյանին պատկանող «Պանդոկ» ռեստորանի երկու աշխատակիցների` Հայկ Մելքումյանի եւ Մարինե Գրիգորյանի պատմածը: Նրանց նույնպես, ինչպես եւ Գուլյանին, ոստիկանությունում որպես վկա հարցաքննել էին «Պանդոկ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության առնչությամբ: Երկուսն էլ պատմել են, որ ոստիկանությունում ենթարկվել են անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունքի, ճնշումների:

Ըստ Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի, այդ երկու վկաների նկատմամբ ճնշումները շարունակվում են ցայսօր` փորձելով ստիպել ցուցմունք տալ, թե ոստիկանությունում իրենց չեն խոշտանգել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG