Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Միկելանջելո Անտոնիոնին


Արդիական կինոարվեստը մեկ օրում երկրորդ ծանրագույն կորուստն է կրել: Երեկ Շվեդիայում՝ Ֆարո կղզում գտնվող իր տանը 89 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ կինորեժիսոր Ինգմար Բերգմանը, որին դասում են Ֆեդերիկո Ֆելլինիի եւ Ակիրա Կուրոսավայի շարքը: Իսկ այսօր առավոտյան լրատվական գործակալությունները հաղորդել են մեծագույն մեկ ուրիշ արվեստագետի մահվան լուրը. Բերգմանի վախճանի օրը` հուլիսի 30-ին, ուշ երեկոյան Հռոմի իր բնակարանում 94 տարեկանում մահացել է մեծագույն մեկ այլ ռեժիսոր` Միկելանջելո Անտոնիոնին:

Ապագա ռեժիսորը ավարտել է Բոլոնիայի համալսարանի բիզնեսի եւ տնտեսության ֆակուլտետը, բանկում կարճ ժամանակ աշխատելուց հետո 1935 թվականից սկսել է կինոյի մասին հոդվածներ հրապարակել Ֆերրարայում լույս տեսնող «Կորիերե Պադանո» թերթում: 1939 թվականին Ֆերրարայից տեղափոխվել է Հռոմ, որտեղ թղթակցել է «Սինեմա» հանդեսին:

1942 թվականին Ռոբերտո Ռոսսելինին Անտոնիոնիի օգնությամբ է գրել «0դաչուն վերադառնում է» (Una Pilota Ritorna) ֆիլմի սցենարը: «Ռոյթերզ»-ը նշում է, որ այդ տարիներին իտալական կինոյի նկատմամբ հսկողությունը Իտալիայի ֆաշիստական կուսակցությունն է իրականացրել:

Ընդհանուր առմամբ, Անտոնիոնին նկարահանել է երկու տասնյակից ավելի ֆիլմեր, գրել է մի քանի սցենար:

Անտոնիոնիի առաջին միջազգայնորեն ճանաչված ֆիլմը համարվում է «Արկածը»: (L'Avventura): «Ֆոտոխոշորացումը» (Blow Up) ստացել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Չորս տարի անց նա նկարահանել է «Զաբրիսկի Փոյնթ» (Zabriskie Point) ֆիլմը ամերիկյան երիտասարդության եւ հիփիական շարժման մասին:

1974 թվականին Անտոնիոնին նկարահանել է «Մասնագիտությունը` լրագրող» (Professione: Reporter) ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է աշխարհահռչակ ամերիկացի կինոաստղ Ջեկ Նիքոլսոնը:

Անտոնիոնիի ֆիլմերում նկարահանվել են նաեւ Ալեն Դելոնը, Մարչելո Մաստրոյանին, Մոնիկա Վիտտին, տասնյակ այլ աստղեր:

Միկելանջելո Անտոնիոնին համաշխարհային կինոարվեստում մեծ ներդրման համար 1983 թվականին ստացել է Վենետիկի փառատոնի «Ոսկե Առյուծ» մրցանակը, 2002-ին` «Սան Մարկո» մրցանակը, իսկ 1995-ին` Ամերիկյան կինոակադեմիայի «0սկարը»:

1985 թվականին Անտոնիոնին ուղեղի ծանր կաթված է տարել, դրանից հետո նա դժվարությամբ է խոսել, սակայն շարունակել է աշխատանքը: Անտոնիոնիի կինը՝ իրենից 41 տարով երիտասարդ Էնրիկա Ֆիկոն կաթվածից հետո հանդես է եկել որպես ռեժիսորի «թարգմանիչ»:

«0սկարը» ստանալու հանդիսավոր արարողության ժամանակ Էնրիկան ասել է. - «Միկելանջելոն միշտ գնում է խոսքերից այն կողմ, որտեղ լռությունն է, որպեսզի տեսնի լռության առեղծվածը եւ ուժը»:

Ծագումով իտալացի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն Անտոնիոնիին անվանել է «կինոխցիկով պոետ»:

Կինոքննադատներից շատերը Անտոնիոնիի ֆիլմերն անվանել են «ներքին նեոռեալիզմ»:

«Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալությունն այսօր մեջբերում է Անտոնիոնիի խոսքը տարիներ առաջ տված հարցազրույցից. - «Եթե ես չդառնայի ռեժիսոր, ես, հավանաբար, կդառնայի ճարտարապետ կամ նկարիչ: Կարծում եմ, ես մեկն եմ, ով գերադասում է ցույց տալ իրերը, այլ ոչ թե խոսել դրանց մասին»:

Միկելանջելո Անտոնիոնիի հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ռեժիսորի հայրենի Ֆերրարա ավանում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG