Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը ներկայացնում է հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի տեսակետը Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարության առիթով, թե` «երկրի համար շահեկան չի լինի, եթե նախագահը, Ազգային Ժողովի նախագահը եւ վարչապետը նույն կուսակցությունից լինեն». - «Կարծում եմ, իրականում երկրի համար շահեկանը, կարեւորը եւ օգտակարը ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակն է, այլ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը»: «Չեք գտնի Հայաստանում մի քաղաքական ուժ, որը չուզենա նախագահի ընտրություններում հաղթանակի բերել սեփական թեկնածուին», - հավելել է Աշոտյանը:

«Հայոց Աշխարհ»-ը Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանի պատասխանն է ստացել իր այս հարցին. «Ինչպե՞ս եք գնահատում հհշականների ու հհշամերձների շանսերը՝ նախագահի առաջիկա ընտրություններում հանդես գալու սեփական թեկնածուով՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: «Պատահական չէ, որ ե'ւ ՀՀՇ-ն` որպես կուսակցություն, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` որպես կուսակցության լիդեր, հանրային կարծիքում չեն ընկալվում իբրեւ քաղաքական գործոն, որը կարող է եղանակ ստեղծել նախագահի առաջիկա ընտրություններում»,֊ - ասել է Գեւորգ Պողոսյանը: - «Ավելին, ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հասարակության կողմից չի էլ ընկալվում որպես ՀՀՇ-ի լիդեր։ Այլ բան է, որ հհշական որոշ գործիչներ շատ են ուզում, որ նա ներկայանա իբրեւ ՀՀՇ-ի առաջնորդ, առանցքային թեկնածու, իրական այլընտրանք գործող իշխանություններին։ Եթե Տեր-Պետրոսյանը ներկայանում է իրենց համագումարներին, դա դեռեւս չի նշանակում, որ նա ՀՀՇ-ի լիդերն է։ Ինքը շատ ավելի իրատես է, քան ՀՀՇ-ի առանձին գործիչներ՝ Արամ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, որ խոսում են ՀՀՇ-ի անունից։ Իրականում ՀՀՇ-ն «հորիզոնում» չի էլ երեւում»։

«Առավոտ»-ը փոխանցում է. - «Վերջերս իտալական դեսպանատունը «վստահություն չեք ներշնչում» ստորացուցիչ հիմնավորմամբ թույլ չտվեց հայաստանցի մինչեւ 16 տարեկան բասկետբոլիստուհիներին մասնակցել Եվրոպայի առաջնության մրցաշարին: Մեր թերթում կար նաեւ հրապարակում, թե ինչպես է Գերմանիայի դեսպանատունը մերժել Հոլանդիա մեկնող մի տուրիստուհու, քանի որ նա չկարողացավ տրամադրել հրավիրողների լուսանկարները, նրանց հետ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները (հավանաբար, մեր քաղաքացիներից լրտեսական հմտություններ են պահանջվում), ինչպես նաեւ չէր ծառայել հայոց բանակում: Դեսպանատների այս շարքում ամենազավեշտականը, իհարկե, Հայաստանում Իտալիայի դեսպանատունն է, որն անցած տարի ստիպում էր երգիչներին երգել, պարողներին՝ պարել՝ համոզվելու համար, որ վիզայի համար դիմածները իսկապես երգիչներ ու պարողներ են: Նույն տրամաբանությամբ նրանք կարող էին դեսպանատանը բասկետբոլի փոքրիկ մարզադաշտ կառուցել, որպեսզի մեր բասկետբոլիստուհիները ցույց տային իրենց վարպետությունը: Դեսպանատները կարող են դադարեցնել համագործակցությունը այն մարզական ֆեդերացիաների, հասարակական կազմակերպությունների կամ տուրիստական գործակալությունների հետ, որոնց ներկայացրած քաղաքացիները պարկեշտ վարկ չցուցաբերեցին: Բայց պոտենցիալ խարդախներ տեսնել Հայաստանի բոլոր քաղաքացիների մեջ, կարծում եմ, սխալ է: Խախտվում է անմեղության կանխավարկածը»:

Նույն թերթի տեղեկություններով, դեռ անցած չորեքշաբթի օրը կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: «Առավոտ»-ի աղբյուրները հերքեցին դեռ շաբաթ օրը տարածված տեղեկություններն այն մասին, թե նույն գիշերը խուզարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի տունը: Այդ տեղեկությունների համար հիմք էր դարձել այն փաստը, որ կալանավորված Սամվել Հովհաննիսյանը եւ Երվանդ Զախարյանը խնամիներ են: Երբ 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Սամվել Հովհաննիսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, պատճառներից մեկը, ոչ պաշտոնապես, համարվում էր նաեւ այն, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր դժգոհել եւ տարակուսանք հայտնել, թե ինչպես է պատահել, որ «Գորիսի» վերանորոգված քրեակատարողական հիմնարկից կալանավորները կարողացել էին պատը ջարդել եւ փախուստի դիմել: Իհարկե, այն ժամանակ Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելը դժվար էր, որովհետեւ նա համարվում էր Սերժ Սարգսյանի մարդը: Այդուհանդերձ, քաջատեղյակ մեր աղբյուրները մեր հարցադրումներին ի պատասխան՝ երեկ ասում էին, որ Սամվել Հովհաննիսյանի դեպքում նրա՝ որեւէ մեկի «մարդ լինելու» փաստը դժվար է պնդել. նա եղել է իշխանական վերնախավում գտնվողներից բոլորի «մարդը», նաեւ քրեական աշխարհում է որոշակի կապեր ունեցել:

«Հայք»֊-ը պնդում է. - «Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբայր Սաշիկ Սարգսյանը պատրաստվում է դառնալ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրանի հարսանիքի քավորը: Հատուկ այդ նպատակով Սաշիկ Սարգսյանն օգոստոսի կեսերին մի քանի օրով ԱՄՆ-֊ից վերադառնալու է Հայաստան: Մեր տեղեկություններով, մինչեւ վերջերս բավական լարված էին Սերժ Սարգսյանի եւ Գալուստ Սահակյանի հարաբերությունները: Սակայն այսքանից հետո Գալուստ Սահակյանը կարող է հանգիստ շունչ քաշել, քանի որ «շեֆի» եղբայրը դարձել է որդու քավորը: Մեր տեղեկություններով, այս ողջ գործարքը գլուխ է բերել Գալուստ Սահակյանի աներորդին՝ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG