Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 28-ը հուլիսի)

«Հայք»֊-ը վերլուծում է. - «Քոչարյանը չի ուզում լինել երիտասարդ թոշակառու, ինչպես հայտարարել է համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Բայց նաեւ չի ուզում լինել վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Բնական է, որ նրան պետք է թույլ, կառավարելի նախագահ, ասենք, Վարդան Օսկանյանը կամ Դավիթ Հարությունյանը, որոնց դեպքում կպահպանի «միակ տղամարդու» ինքն իրեն ընծայած տիտղոսը: Բնական են նաեւ Սերժ Սարգսյանի ձգտումները: Մարդը տասը տարի անտրտունջ ծառայել է Քոչարյանին, իհարկե` ունենալով իր փայաբաժինը եւ համբերատար սպասելով իր օրվան: Չի բացառվում, որ այս տարաձայնությունը ներմուծված է, ասենք, հենց իրենց տերերի կողմից: Բայց դա էական չէ»:

«Հայոց Աշխարհ»-֊ը փաստում է. - «Խորհրդարանական ընտրություններից առաջ գործնականում բոլոր ընդդիմադիր կուսակցություններն անցկացրին իրենց հերթական կամ արտահերթ համագումարները։ Դուք ուշադրություն դարձրե՞լ եք. չէ՛, ոչ թե ամբիոնից կրքոտ ճառեր արտասանողներին, այլ դահլիճում նստածներին։ Տխրադեմ, գորշ, փախցնում են աչքերը։ Եվ դա ընտրություններում հաղթել նպատակադրված կուսակցությո՞ւնն է։ Ապագայի կուսակցությո՞ւնը։ Այդպիսի կուսակցությունը պետք է բաղկացած լինի վառվռուն աչքերով էնտուզիաստներից։ Շատրվանի պես պետք է բխեն գաղափարները, հավատը, եռանդը, նույնիսկ ֆանատիզմը։ Եվ դեմքերն էլ պիտի երջանիկ լինեն. մենք միասի՛ն ենք, մենք կհաղթե՛նք, մենք առա՛ջ կտանենք երկիրը։ Իսկ սրանք անդեմ են ու խամրած։ Միայն անեծքներ հանցավոր վարչախմբի հասցեին։ Չէ, սրանց առումով ամեն ինչ հասկանալի է։ Անհասկանալի է մեկ այլ բան. ինչ-որ մեկը դեռեւս հավատո՞ւմ է նրանց»։

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. - «Ֆիդայական ջոկատներով հնարավոր չէ պայքարել կանոնավոր բանակի դեմ». Վազգեն Մանուկյանը հնչեցրել է «ընդդիմություն֊ - իշխանություն» հարաբերությունների՝ վերջին 10 տարում թերեւս միակ սթափ գնահատականը: (Ճիշտ է, այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչո՞ւ է պարոն Մանուկյանն իր «ֆիդայական ջոկատով» ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին): Իշխանությունն իսկապես բանակ է՝ բաղկացած ցինիկ, կոռումպացված, հանուն վերարտադրության ցանկացած հանցագործության ընդունակ «մարտիկներից»: Դառը ճշմարտությունը չխոստովանելը հատուկ է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների մեծ մասին: Այո, ժողովրդի մոտ Ռոբերտ Քոչարյանը ցափազանց բացասական էմոցիաներ է առաջացնում: Բայց ճիշտ նույնպիսի, եթե ոչ ավելի խորը, զգացմունքներ զանգվածն ունի Տեր֊Պետրոսյանի հանդեպ»:

«Գոլոս Արմենիի»-֊ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն խորհրդարան է մտել կուսակցական ցուցակով, իսկ հիմա հորդորում է թիվ 15 ընտրատարածքի ընտրողներին՝ ձայները տալ իրեն, եւ այդ ժամանակ «Ժառանգության» կուսակցական ցուցակով կանցնի ընտրողներին անծանոթ մի անձնավորություն, այսինքն Հովհաննիսյանը կոչ է անում ընտրատարածքի ընտրողներին կատարել զեղծարարություն՝ ձայները տալ մեկին, որպեսզի խորհրդարան մտնի ուրիշը: Եվ Հովհաննիսյանի այս մտադրությունը ակտիվորեն ողջունվում է իր կուսակիցների կողմից: Հատկանշական է, որ որեւէ կուսակցություն, որի ներկայացուցիչը քվեարկվելու է թիվ 15 ընտրատարածքում, չի դատապարտել Հովհաննիսյանին, որը մտադիր է զեղծարարություն կատարել եւ ընտրողներին էլ դարձնել զեղծարարության հանցակիցներ»:

«Գնային տարբերությունները, մասնավորապես մրգի ու բանջարեղենի արտադրության մեջ, ակնհայտ ու ցցուն են դառնում ամեն տարի: Գյուղմթերքների այնպիսի գներ, որ արձանագրվում են այս ամռանը, ոչ մի տարի չեն եղել», - գրում է «Ազգ»-ի մեկնաբանը: - «Անցած տարի այս սեզոնին պոմիդոր եւ վարունգ կարելի էր գնել 30 տոկոս ավելի էժան գնով, ծիրանը 1000-700 դրամից այդպես էլ չիջավ: Հայաստանը դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը: Գների մարաթոնին մասնակցում են բոլոր ապրանքներն ու մթերքները: Թանկացումների հորձանքը տարածվել է մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Իբրեւ առողջարանային, հանգստի վայր եւս սեփական երկիրը անմատչելի է դարձել տեղացիների համար: «Լոնդոնում կյանքը ավելի թանկ է, քան Բոստոնում, բայց շատ ավելի էժան Հայաստանից», - վերջերս այսպիսի հետաքրքրական դիտարկում արեց Անգլիայից նոր վերադարձած ծանոթս: Իսկ նորահայտ անեկդոտն ավելի պատկերավոր է բնորոշում հայաստանյան իրականությունը` Հայաստանի հարուստները հանգստանում են Սեւանում, միջին խավը` Անթալիայում, իսկ աղքատները` Քոբուլեթիում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG