Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան կարող է հանդես գալ Օսկանյան-Մամեդյարով նոր հանդիպման նախաձեռնությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եկող շաբաթասկզբին Երեւան եւ Բաքու կատարելիք այցի ընթացքում կարող է հանդես գալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ նոր հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

«Կարծում եմ, որ քննարկման թեմաներից մեկն էլ կարող է նաեւ դա լինել, բայց այսօր ասել, թե ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դեռ վաղ է: Որովհետեւ դա միայն մեզանից չէ կախված: Կարծում եմ, կարիք կլինի նաեւ լրացուցիչ խորհրդատվություններ անցկացնել, առաջին հերթին` Ադրբեջանի հետ», - նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին, թե արդյո՞ք Մեթյու Բրայզայի` Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք այցերի պատճառն այն չէ, որ նա չի մասնակցել հուլիսի 10-ին Փարիզում համանախագահների եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպմանը եւ այժմ անձամբ է ցանկանում ծանոթանալ կողմերի դիրքորոշումներին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. - «Կարծում եմ, դա չէ պատճառը, որովհետեւ անմիջապես Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդները հանդիպել են իրենց ամերիկացի գործընկերոջ հետ, եւ բնականաբար, նա տեղյակ է վերջին հանդիպման մանրամասներին»:

«Թերեւս, որոշակի կապ կա [Մեթյու Բրայզայի] այս այցելության եւ առաջիկայում սպասվող համանախագահների խորհրդակցության միջեւ», - հավելեց Կարապետյանը: - «Պարոն Բրայզան թերեւս ցանկանում է վերջին զարգացումներին ծանոթանալ, ճշգրտել հայկական մոտեցումները Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:

Վլադիմիր Կարապետյանի խոսքերով, Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան ավարտվելու է վաղը` Ջավախք այցելությամբ: Շաբաթ օրը երեկոյան Lոռիի մարզում նախատեսված է Վարդան Օսկանյանի հանդիպումը Վրաստանում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Դա Վրաստանում մեր դեսպանի նախաձեռնությունն է, որը հրավիրեց իր գործընկերներին Lոռվա մարզ, որտեղ կծանոթացնի իր գործընկերներին տեսարժան վայրերի ու որոշ արտադրական ձեռնարկությունների հետ: Օրվա վերջում նախատեսված է նրանց հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ, ով կներկայացնի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանում բարեփոխումների ընթացքը»:

Նա հավելեց, որ հրավերը ուղարկվել էր Թբիլիսիում հավատարմագրված բոլոր դեսպաններին, սակայն Ադրբեջանի դեսպանը Lոռի չի ժամանելու: Ինչ վերաբերում է Վրաստանում Թուրքիայի դեսպանին, ապա Կարապետյանը ասաց. - «Նախապես կարծես թե ծրագրված էր, որ նա պետք է լիներ, բայց այսօր ես տեղեկացա, որ դեսպանը արձակուրդում է, հետեւաբար նա չի լինելու»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG