Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հորդորում է Ռուսաստանին հարգել մամուլի ազատությունը


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է «Ծայրահեղականության դեմ պայքարում պետական կառավարման կատարելագործման առնչությամբ Ռուսաստանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այդ փաթեթը, որով նախատեսվում է լրամշակել բազում այլ օրենքներ, ինչպես նաեւ Քրեական օրենսգիրքը, Ռուսաստանի Պետական դուման ընդունել է հուլիսի 11-ին:

0րենսդիրները եւ Կրեմլը վստահեցնում են, որ օրենքի նպատակն է ավելի ակտիվորեն պայքարել սոցիալական որեւէ խմբավորման նկատմամբ դրսեւորվող գաղափարախոսական, քաղաքական, ռասայական, ազգային, կրոնական ատելության դեմ:

Իրավապաշտպանները` մասնավորապես, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, վերջին օրերին անընդհատ դիմել են Պուտինին օրինագիծը չստորագրելու կոչով, բայց` ապարդյուն: Ըստ իրավապաշտպանների, այդ օրենքը ընձեռում է մամուլի ազատությունը սահմանափակելու հնարավորություն:

Այսօր ԵԱՀԿ-ի մամուլի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հասցեագրած նամակում Ռուսաստանին կոչ է արել վերանայել ծայրահեղականության դեմ պայքարի օրենքները, հստակ սահմանել, թե ի՞նչ են նշանակում «ծայրահեղականություն», «էքստրեմիստական բովանդակության նյութերի զանգվածային տարածում», «պաշտոնյաներին էքստրեմիզմի մեջ հրապարակավ մեղադրելու փորձ», «ինֆորմացիայի փոխանցում էքստրեմիստներին» եւ այլ տերմիններ:

Ըստ փորձագետների, այդ սահմանումները չափազանց անորոշ են եւ իրավապահներին ընձեռում են տարատեսակ մեկնաբանություններ անելու հնարավորություններ:

«Լրամշակումները ճանապարհ են հարթում քաղաքական բաց երկխոսությունը եւ ինֆորմացիայի ազատ հոսքը սահմանափակելու համար: Դրանց կիրարկման արդյունքում կարող են դատական պատասխանատվության ենթարկվել այն լրագրողները, ովքեր մասնագիտական սխալ են թույլ տվել կամ, ինչն ավելի վատ է՝ բարի նպատակ հետապնդելով, հնչեցրել են հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ», - ասվում է Հարաշտիի նամակում: - «Անշուշտ անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ, բայց պետք է նաեւ հատուկ ուշադրությամբ հետեւել, որ այդ պայքարը չդառնա խոչընդոտ բազմակարծություն ենթադրող ազատ եւ անկախ մամուլի համար»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG