Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 7-ին


Հուլիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի նախագահ ընտրված Բակո Սահակյանի երդման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սահակյանը ուրբաթ օրը ասաց, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են կատարում նախագահ լիազորությունները ստանձնելուց առաջ:

Հարցին, թե ի՞նչպիսի քայլեր է ձեռնարկելու նախագահի լիազությունները ստանձնելուց հետո Սահակյանը պատասխանեց. - «Նախ, ի մի ենք բերում կատարած աշխատանքները քարոզարշավի ընթացքում: Ստացել ենք մոտ 3 հազար նամակ. երկու աշխատանքային խումբ զբաղված են այդ նամակների ուսումնասիրությամբ... Եվ, իհարկե, իմ նախընտրական շտաբի հետ միասին նախապատրաստվում ենք նախագահի պարտականությունները կատարելուն»:

«Ազգային ժողովի հետ միասին պատրաստվում ենք ամսի 7-ի երդման արարողությանը: Կառավարության հետ կապված քննարկումներ ծավալված չեն», - հավելեց Բակո Սահակյանը:

Հուլիսի 19-ի քվեարկության արդյունքներով, Բակո Սահակյանը ստացել էր ընտրողների շուրջ 85 տոկոսի քվեն:

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը, մինչդեռ, այսօր հրավիրած ասուլիսում, ամփոփելով նախագահ Արկադի Ղուկասյանի 10-ամյա գործունեությունը, ասաց. - «Մենք պետք է կարողանանք նաեւ գնահատականներ տալ, որպեսզի եկողները եւս կարողանան դրանից եզրակացություններ անել»:

Ավետիսյանը Ղուկասյանի գործունեության մեջ առանձնացրեց «քաղաքական այն մեծ կամքը», որը նրան թույլ տվեց «կիսառազմական կամ ռազմական իշխանությունից անցում կատարել քաղաքացիական հասարակությանը». - «Մյուս կարեւոր հանգամանքը, որը նրա գործունեության արդյունքն է, որ այս ընտրությունների արդյունքը ընդունեցին ընտրությանը մասնակից կողմերը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG