Մատչելիության հղումներ

«Շահ Դենիզ» հանքավայրի գազը կարտահանվի Իտալիա


Հինգշաբթի օրը Հռոմում Հունաստանի, Թուրքիայի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է դեպի Եվրոպա գնացող նոր խողովակաշարի շահագործման մասին համաձայնագիր, ըստ որի կասպիական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Թուրքիայով ու Հունաստանով կարտահանվի Իտալիա:

Համաձայնագիրը ստորագրել են Հունաստանի զարգացման նախարար Դիմիտրիս Սիուֆասը, Թուրքիայի եւ Իտալիայի էներգետիկայի նախարարներ Հիլմի Գյուլերն ու Պիեռ-Lուիջի Բերսանին:

«Հունաստանի համար այս նախագիծը ռազմավարական կարեւորություն ունի», - Հռոմ մեկնելուց առաջ նշել էր Հունաստանի զարգացման նախարարը` հավելելով, որ գազի արտահանման ծրագիրը լրիվ թափով կսկսի գործել մինչեւ 2011 թվականը: Մի քանի շաբաթից շահագործման համար պատրաստ կլինի Թուրքիան Հունաստանին կապող խողովակաշարը:

Շինարարության երկրորդ փուլն անհամեմատ ավելի բարդ է լինելու: Այդ փուլում իտալական «Էդիսոն» եւ հունական «ԴԵՊԱ» ընկերությունները պետք է 212 կիլոմետրանոց ստորջրյա խողովակաշար կառուցեն, որը Հունաստանի արեւմտյան շրջաններից կգնա դեպի Իտալիայի հարավ:

Հունական աղբյուրները նաեւ նշում են, որ էներգետիկ այս ծրագրի կյանքի կոչման դեպքում Հունաստանը տարեկան 11,5 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, որի մեծ մասը կվերարտահանվի իտալական ուղղությամբ:

Հարկ է հիշեցնել, որ մարտին Հունաստանը, Բուլղարիան ու Ռուսաստանը համաձայնագիր կնքեցին Բուրգաս-Ալեքսանդրոպուլիս խողովակաշարի կառուցման մասին: Բայց, ի տարբերություն այս նախագծի, դեպի Իտալիա տանող խողովակում էներգակիրները ոչ թե ռուսական, այլ ղազախական, թուրքմենական, գուցե նաեւ ադրբեջանական ծագման են լինելու: Այս փաստի անուղղակի ապացույցն է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարի` օրերս ավարտված այցը Աթենք, որի ընթացքում բանակցությունների հիմնական թեման կրկին էներգետիկան էր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG