Մատչելիության հղումներ

Տաքսու վարորդները շարունակում են բողոքի ակցիան


Մի քանի տասնյակ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ` բողոքելով այդ ոլորտում օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելիք որոշման դեմ:

Վարորդները բողոքում են կառավարության որոշմամբ նախատեսված հարկերի գանձման նոր կարգին, որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների արտադրության թվին վերաբերող եւ մի շարք այլ կետերի դեմ:

Երեկ տաքսու վարորդները վարչապետ Սերժ Սարգսյանին հասցեագրած դիմում-խնդրանքը փոխանցել էին կառավարության նամակների բաժին, սակայն այսօր, միանալով կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի հավաքված իրացման գոտիների բնակիչներին եւ լուծարված «Հայկական ավիաուղիներ» կազմակերպության նախկին աշխատակիցներին, պահանջում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:

Կառավարության նիստի ավարտից շենքից դուրս եկավ Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Վարորդներն անմիջապես շրջապատեցին նրան, եւ նա խոստացավ այսօր ընդունել վարորդների մի քանի հոգուց բաղկացած պատվիրակությանը եւ քննարկել նրանց հուզող հարցերը:

Կառավարության նիստին մասնակցած «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հավաքվածներին տեղեկացրեց. - «Այսօր այդ տրանսպորտի հետ կապված հարցը չլսեցին: Ձեր պայքարը, ըստ էության, իր արդյունքը տվել է, որովհետեւ վարչապետն էլ ասաց, որ որոշակիորեն չմտածված քայլ է կատարվել»:

Ավելի ուշ վարորդներին մոտեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության պետ Արշակ Պետրոսյանը, ով երեկ արդեն ընդունել էր վարորդների պատվիրակությանը: Այս անգամ եւս տաքսու վարորդներին առաջարկվեց 5 հոգանոց խումբ կազմել եւ հանդիպել կառավարության ներկայացուցչին:

Հետագայում, երբ շուրջ մեկ ժամ տեւած բանակցություններն ավարտվեցին, հանդիպմանը ներկա վարորդներն ասացին, որ նրանց ընդունել էր կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Մանուկ Թոփուզյանը եւ լսել նրանց մտահոգությունները:

«Վաղը իրենք ժողով կանեն, ամսի 1-ից ուժի մեջ չեն մտցնի», - ասաց հանդիպմանը մասնակցած վարորդներից մեկը:

Վարորդները որոշեցին առաջիկա երկու օրերին ոչինչ չկազմակերպել, սպասել կառավարության պատասխանին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG