Մատչելիության հղումներ

Այսօր Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ շահագործման հարցը քննարկել եռակողմ ձեւաչափով՝ ռուս-ադրբեջանա-ամերիկյան բանակցություններում:

«Գաբալայի հարցով բանակցությունները, փաստորեն, արդեն սկսվել են եւ մենք պատրաստ ենք դրանք շարունակել», - Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ազիմովը` հավելելով, որ այդ խնդրի շուրջ ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցություններ տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում:

Փոխնախարարի խոսքերով, Գաբալայի կայանը շարունակում է աշխատել այնպես, ինչպես աշխատել է վերջին տարիների ընթացքում:

«Կայանը Ադրբեջանի սեփականությունն է, եւ Ռուսաստանն այն շահագործում է վարձակալական հիմունքներով: Կայանի կարգավիճակի եւ շահագործման ռեժիմի որեւէ փոփոխություն այսօրվա դրությամբ չի եղել», - ասել է Ազիմովը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին, իր հերթին, այսօր ասել է, որ Վաշինգտոնը չի մերժել Գաբալայի ռադարային կայանը համատեղ շահագործելու մասին Ռուսաստանի առաջարկը:

«Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Գաբալայի կայանն Ադրբեջանի սեփականությունն է, ուստի, համատեղ շահագործման խնդրում բանակցել է պետք նախեւառաջ այդ երկրի կառավարության հետ», - ասել է դեսպանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG