Մատչելիության հղումներ

Շարունակվում է Վարդան Օսկանյանի աշխատանքային այցը Վրաստան


Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել իր վրաց գործընկեր Գելա Բեժուաշվիլու հետ:

Քննարկվել են համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, տարածաշրջանային հարցեր, հարաբերությունները հարեւան երկրների հետ, այլ հարցեր:

Նախարարներն անդրադարձել են նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման պայմանագրի վերաբերյալ բանակցություններին: Վարդան Օսկանյանը իր պաշտոնակցի ուշադրությունը հրավիրել է նաեւ վերջերս վրացի իրավապահների կողմից Վրաստանի սահմանի ապօրինի անցման մեղադրանքով Հայաստանի քաղաքացիների ձերբակալումների խնդրին:

«Հիմնականում երկու հարցի վրա է շեշտը դրվել: Մեկը սահմանագծման խնդիրն է. կառավարական հանձնաժողով կա ե’ւ Վրաստանից, ե’ւ Հայաստանից: Աշխատում են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանագծում կատարելու ուղղությամբ», - հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Վարդան Օսկանյանը:

Նախարարի խոսքերով, այս առումով «խիստ վիճահարույց խնդիրներ չկան». - «Բայց հարցեր կան, որ դեռեւս հանձնաժողովի մակարդակով չեն համաձայնեցվել: Մեծ հաշվով, ընդհանուր սկզբունքը այն է, որ, եթե, այսօր փաստացի իրավիճակից ելնելով, որոշ փոխանակումներ լինեն, դրանք հնարավորինս լինեն ադեկվատ»:

«Քննարկել ենք նաեւ մեր քաղաքացիների ձերբակալումների հարցը, Հարավային Օսեթիայի անցակետով անցնողների բանտարկությունը», - շարունակեց նախարարը: - «Այդ հարցը դրվել է մեր կողմից... Այստեղ հիմնական խնդիրը մեր կողմից նաեւ այն է, որ կարողանանք հնարավորին չափ այս լուրը հասցնել մեր հայրենակիցներին, որպեսզի իսկապես այդ խախտումները չանեն, որովհետեւ մեծ մասը անգիտակցաբար է անում: Վրացական պետությունը հստակ օրենք ունի արդեն, որ կիրարկում է ամենայն խստությամբ: Առաջին օրերին, երբ մենք հիմնավորում էինք նրանով, որ միանգամից է ուժի մեջ մտել [օրենքը], եւ մեր քաղաքացիները տեղյակ չեն, շատ հեշտ էր լինում նրանց բանտից հանելը, նույնիսկ` տուգանք չտալը: Բայց գնալով ավելի բարդանում է»:

Օսկանյանի պարզաբանմամբ, օրենքը հստակ պահանջ է դնում, որ առանց թույլտվության չի կարելի մտնել Աբխազիա. - «Նաեւ Հարավային Օսեթիայի մասով Ռուսաստանից եկող մեքենաների համար հստակ օրենք կա, որ այդ անցակետից կոնկրետ չեն կարող անցնել»:

Եռօրյա այցի ընթացքում Օսկանյանը կլինի նաեւ Բաթումում, որտեղ Հայաստանը պատրաստվում է բացել Գլխավոր հյուպատոսություն:

«Ես կարծում եմ, որ դրա ժամանակը իսկապես հասունացել է: նավահանգստային խնդիրների կարգավորման համար, կարծում ենք, որ նման կետ ունենալը անհրաժեշտություն է` ե’վ Բաթումի, ե’ւ Փոթիի նավահանգիստները ծածկելու, որպեսզի անընդհատ դա Թբիլիսիից չարվի», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Այս այցով երեւի թե արդեն շենքի, վայրի ընտրությունը արվի: Շատ մոտ օրերս էլ վերջնական համաձայնությունը կլինի վրաց իշխանությունների»:

Նախարարը պատասխանեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի` Հանրային ռադիոյով հեռարձակմանը վերաբերող հարցին: Օսկանյանը ասաց, որ չի տիրապետում մանրամասներին` այդուհանդերձ, ավելացնելով. - «Հիմնական խնդիրը այստեղ պետք է դրվի այնպես, որ «Ազատություն»-ը շարունակի հեռարձակվել: Նաեւ` չկորցնի իր ունկնդիրները: Այսինքն` ադեկվատ ինչ-որ մի լուծում գտնվի, որը կբավարարի այդ պահանջները: Ես հույս ունեմ, որ այդպիսի լուծում իսկապես հնարավոր կլինի գտնել»:


Աստղիկ Բեդեւյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG