Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ օգոստոսին


Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարությանը, հաղորդել է, թե Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին Մոսվկայում:

Բանակցությունների մանրամասները, ըստ աղբյուրի, գաղտնի են պահվում: Մասնավորապես, հայտնի չէ` նախորդելու են արդյո՞ք մոսկովյան հանդիպմանը համանախագահների խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին համաձայնություն այս պահի դրությամբ գոյություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վարդան Օսկանյանի հետ Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Վերջին անգամ Բերնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Մեթյու Բրայզան հանդիպել էին հուլիսի 13-ին Վիեննայում: Հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները արձանագրել էին, որ հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին չհաջողվեց հաղթահարել դեռեւս առկա տարաձայնությունները: Համանախագահները նաեւ հորդորել էին կողմերին` «առաջիկա ամիսներին իրենց ուշադրությունը սեւեռել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու վրա»:

Համանախագահների այս հայտարարությանը այսօր արձագանքել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` ATV հեռուստաընկերության եթերում հայտարարելով. - «Համանախագահները փորձել են ճնշում գործադրել կողմերի վրա, սակայն իրենք են հայտնվում որոշակի շրջանակների մեջ»:

«Ինչպես եւ Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, համանախագահները այսպիսով Երեւանին հնարավորություն են տալիս ժամանակ ձգել: Այդ պատճառով, ափսոսանք հայտնելու փոխարեն, համանախագահների կողմից ճիշտ կլիներ ավելացնել ջանքերը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար», - հավելել է Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG