Մատչելիության հղումներ

Համահայկական խաղերը կմեկնարկեն օգոստոսի 18-ին


Հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը:

Արմեն Գրիգորյանի խոսքով` մի քանի երկրներից մեծ թվով հայտեր դեռ սպասվում են: Նախարարի փոխանցմամբ` այս տարի հատկապես ակտիվ են Հայաստանի մարզերն ու ռուսաստանյան քաղաքները:

4 տարի առաջ անցկացված խաղերի 10 մարզաձեւերին` բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, լող եւ բադմինտոն, ոչ մի նոր մարզաձեւ չի ավելացել. Արմեն Գրիգորյանը բացատրում է, որ ընտրվել են այնպիսի մարզաձեւեր, որոնց ներկայացուցիչներ շատ կան սփյուռքում: Իսկ դրանք, նախարարի խոսքով, հիմնականում խմբակային սպորտաձեւերն են:

Այս տարի էլ Համահայկական խաղերի կրակը կվառվի Գառնու տաճարում եւ վազքարշավով կհասնի մինչեւ Հանրապետական մարզադաշտ, որտեղ էլ օգոստոսի 18-ի երեկոյան բացման հանդիսավոր արարողությունն է: Խաղերի պաշտոնական փակումը օգոստոսի 26-ին Օպերային թատրոնում է, որին կհաջորդի բացօթյա համերգը Ազատության հրապարակում:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի վկայությամբ` Համահայկական խաղերի օրերին Հայաստանը մոտ 6000 սփյուռքահայերի կընդունի: Խաղերի մասնակից մարզիկների տեղափոխման ծախսերը պետությունը չի հոգում: Արմեն րիգորյանն ասաց, որ պետական բյուջեից հատկացված 80 միլիոն դրամից զգալի հատված ծախսվել է մարզադահլիճների վերանորոգման վրա:

Նախարարը չժխտեց, որ նախորդ խաղերի մարզական որակը խիստ սիրողական էր, քանի որ «Հիմնական նպատակը եղել է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը», սակայն այս տարի, Արմեն Գրիգորյանի հավաստմամբ, առաջնայինը սպորտն է:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG