Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը երեկվա վճռով անփոփոխ է թողել Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս կապակցությամբ «Հայք»-֊ը գրում է. - «Դատարանի բերած պատճառաբանությունը ծիծաղելի է, իսկ կայացրած որոշումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Հայաստանում դատական համակարգը ոչ միայն անկախ չէ, այլեւ վերածվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին սպասարկող հիմնարկի: Դատավորները մասնավոր խոսակցությունների ժամանակ խոստովանում են, որ հոգնել են այս վիճակից, բայց առայժմ այնքան կամք չունեն, որ կարողանան ընդդիմանալ նախագահականից կամ կառավարությունից իջեցված հրահանգներին: Ինչ վերաբերվում է քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանին, ապա վարչախումբը ծրագրում է նրան ազատությունից զրկել առնվազն մինչեւ նախագահի ընտրությունները»:

«Ժամանակ-Երեւան»-֊ը պնդում է. - «Մեր ունեցած տեղեկություններով՝ այս օրերին առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանին են այցելում այս իշխանություններին անմնացորդ նվիրված ու ծառայող տարբեր օլիգարխներ եւ գործարարներ, փորձելով ճշտել՝ արդյո՞ք նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Նրանք Լեւոն Տեր֊-Պետրոսյանի մոտից հեռանում են այդպես էլ չստանալով իրենց հուզող հարցի պատասխանը, քանի որ նա որոշակի պատասխան չի տալիս՝ ասելով, որ դեռ ժամանակ կա որոշում կայացնելու համար: Բայց այցելուները հասցնում են իրենց հավատարմության մասին երդումներ տալ եւ հավատացնել, որ Հայաստանի առաջին նախագահի՝ կրկին առաջադրվելու դեպքում «սարի պես» կանգնելու են նրա մեջքին»:

«Հայոց Աշխարհ»-֊ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Բոլորս հիշում ենք, թե վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները նախընտրական ասուլիսների հերթափոխում «ով ավելի շատ» սկզբունքով ինչպիսի անհավանական կանխատեսումներ էին անում ապագա ԱԺ-ում «մեծամասնություն կազմելու», «լուրջ դերակատարություն ստանձնելու», «նվազագույնը՝ 10-12 տոկոս հավաքելու», «5 տոկոսը հեչի պես հաղթահարելու» մասին։ Այսքանից հետո «բնական» էր, որ պատգամավորական մանդատներից անմասն մնացած կուսակցությունները տիեզերական աղմուկ բարձրացրեցին, թե իրենց քվեները թալանել են, քափ-քրտինքով վաստակած տոկոսները՝ յուրացրել, գրպանել ու փոշիացրել են։ Նմանապես օրինաչափ էր, որ քավության նոխազի դերում հայտնվեցին հաղթող քաղաքական ուժերը, եւ առաջին հերթին՝ հանրապետականները։ Կարելի է չկասկածել, որ նույնը տեղի է ունենալու նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ։ Իսկ գուցե ժամանակն է սովորե՞լ Ղարաբաղից։ Գուցե, այնուամենայնիվ, բավակա՞ն է քավության նոխազներ փնտրել՝ սեփական անհաջողությունը ուրիշների ուսերին բարդելով»։

«Առավոտ»-֊ը հայտնում է. - «Գեւորգ Պողոսյանի ղեկավարած Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հուլիսի 6-11-ը ներկայացուցչական հարցում է անցկացրել ՀՀ 1200 բնակիչների շրջանում: Հարցմամբ պարզվել է, որ քաղաքացիների 49.8%-ը կարծում է, թե մայիսի 12-ի ընտրությունները եղել են «ազատ, թափանցիկ, բայց անարդար»: Հարցվածների 28%-ն ասել է, որ ԱԺ ընտրությունները եղել են «ո'չ ազատ, ո'չ էլ արդար»: Պատասխանելով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի այն հարցին, թե ո՞ր կուսակցությունների կամ քաղաքական գործիչների համար են ափսոսում, որոնք «զրկվեցին պատգամավորական մանդատներից», հարցման մասնակիցների 7,2 %-ը նշել է Ժողովրդական կուսակցությունը, 7%-ը՝ «Ազգային միաբանություն»-ը, 4,8%-ը՝ ՄԱԿ-ը, 2,8 %-ը՝ ԱԺՄ-ն, 2,5%-ը՝ ՀԺԿ-ն ու ՆԺԿ-ն: ԱԺ մանդատից զրկված քաղաքական գործիչներից առավել ափսոսանքի են արժանացել Տիգրան Կարապետյանը (10,8 %) եւ Արտաշես Գեղամյանը (9,3%), Արշակ Սադոյանի համար ափսոսում է 5%-ը, իսկ Մանուկ Գասպարյանի համար՝ 3,4%-ը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG