Մատչելիության հղումներ

Քենիայում դատարան է փոխանցվել Մարգարյանի եւ Սարգսյանի գործը


Շուրջ 1 տարի տեւած հետաքննությունից հետո Քենիայի իշխանությունները որոշել են դատարան փոխանցել Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի գործը:

Քենիայի նախագահ Մվայի Քիբակի հրահանգով ստեղծված հատուկ հետաքննող խումբը բացահայտել է Սարգսյանի ու Մարգարյանի հանցավոր կապերը Քենիայի մաքսային եւ միգրացիոն ծառայությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ: Նրանք նաեւ մեղադրվում են փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի տեղափոխման եւ փողի լվացման համար:

Աղմկահարույց այս պատմությունը կսկվեց այն բանից հետո, երբ անցած տարվա մարտին Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը հայազգի եղբայրներին մեղադրեց, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար:

Դրանից հետո նրանք ասուլիս հրավիրեցին մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում եւ հայտարարեցին. - «Մենք վարձկաններ չենք, բայց եթե նույնիսկ լինեինք, ձեր կառավարությունը բավարար փող չէր ունենա մեզ վարձելու համար»:

Եղբայրները նաեւ պնդում են, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգականներից են: Իսկ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Հայաստանի նախագահության թեկնածու է եւ ոսկու ու թանկարժեք քարերի բիզնեսով է զբաղվում Ասիայում եւ Աֆրիկայում:

Առանձնակի հիշատակման է արժանի Արթուրների արտաքսման պատմությունը: Անցած տարվա հուլիսի սկզբին նրանք փորձել էին մեկնել Քենիայից, ընդ որում նրանց հովանավորել էր Քենիայի Ջրային ռեսուրսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին: Նա զանգահարել էր մայրաքաղաք Նայրոբիի օդակայան եւ խնդրել համապատասխան պաշտոնյային եղբայրներին անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատվավոր հյուրերի համար նախատեսված VIP սրահով: Դրանից հետո օդակայանում միջադեպ էր տեղի ունեցել, երբ եղբայրները հրաժարվել են բացել իրենց պայուսակները եւ զենք են հանել: Միջադեպից հետո եղբայրները արտաքսվել էին Քենիայից առանց հետաքննության, ինչը առաջացրել էր Քենիայի ընդդիմության զայրույթը:

Տիկին Վանգուին, ըստ քենիական մամուլի, երկրի նախագահի երկրորդ՝ ոչ պաշտոնական կինն էր: Այժմ էլ մամուլը հաղորդում է, թե նա հայտարարել է Արթուր Մարգարյանի հետ ամուսնանալու մասին:

Մինչ Քենիայի արդարադատությունը պատրաստվում է պատասխանատվության կանչել հայ «գործարարներին», նրանք հանգիստ ապրում են Դուբայում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG