Մատչելիության հղումներ

Wall Street Journal. «Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ձայնը լսելի է դառնալու»


«Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ձայնը լսելի է դառնալու», - արձանագրում է Wall Street Journal պարբերականը` շեշտելով, որ վերջին խորհրդարանական ընտրություններում քուրդ պատգամավորների տարած հաղթանակը նոր էջ է բացում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երկարատեւ ու դժվարին պայքարում:

Ընդ որում, քրդերը, ըստ հոդվածագրի, այժմ հաջողության են հասնում ոչ միայն խորհրդարանում. քրդաբնակ Դիարբեքիրի Սուր թաղամասի ղեկավար Աբդուլլա Դեմիրբասը իսկական լեզվական հեղաշրջում կատարեց տարեսկզբին: 42-ամյա քուրդ թաղապետը հրահանգեց ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունեցող թաղամասի մասին պատմող ազդագրերը բացի թուրքերենից տպագրել նաեւ քրդերեն, արամերեն ու հայերեն, ինչպես նաեւ երեխաների համար ստեղծել բազմալեզու ամսագիր: Արդյունքում, Թուրքիայի բարձրագույն դատարանը այս տարվա մայիսին որոշել է ընտրված թաղապետ Աբդուլլա Դեմիրբասին եւ թաղապետարանի բոլոր 25 աշխատակիցներին ազատել աշխատանքից, քանի որ նրանք խախտել են սահմանադրական նորմը, ըստ որի երկրում միակ պաշտոնական լեզուն թուրքերենն է:

Սուրի բնակիչների համար, սակայն, Աբդուլլա Դեմիրբասը մնում է թաղապետ: «Ես երջանիկ եմ, որ նա որոշեց կրկին օգտագործել իմ նախնիների լեզուն: Դա նշանակում է, որ մենք մոռացված չենք», - ասում է ազգությամբ հայ, 77-ամյա Էֆեն Սիթչին: Սիթչին պատմում է, որ դեռ 30 տարի առաջ Սուրում մի քանի հարյուր հայ էր բնակվում, իսկ այսօր այստեղ մնացել են ընդամենը 2 տարեց ամուսիններ: Երբեմնի գործող եկեղեցին այսօր վերածվել է ավերակների, եւ հայերը ստիպված են աղոթքի գնալ Սուրի ասորական եկեղեցի:

Ադբուլլա Դեմիրբասը ինքն էլ կարոտախտով է հիշում իր պատանեկությունը, երբ աշխատում էր հայ դերձակի մոտ: Ուներ նաեւ հրեա հարեւաններ, որոնց մեծ մասը լքեց Սուրը, իսկ սինագոգը ժամանակի ընթացքում վերածվեց աղբակույտի: Պաշտոնազրկված թաղապետը մտադիր է վերականգնել ինչպես հրեական սինագոգը, այնպես էլ հայկական եկեղեցին:

Աբդուլլա Դեմիրբասը մտադիր է պայքարել իր պաշտոնը կրկին զբաղեցնելու համար:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG