Մատչելիության հղումներ

logo-print

Իրանցի ռեժիսորը նկարահանել է ֆիլմ հայ-ադրբեջանական պատերազմի թեմայով


Իրանա-ադրբեջանական «Ռաամի» (Raami) ֆիլմով Նյու Դելիում անցած շաբաթավերջին բացվել է 0սիանի ասիական եւ արաբական 9-րդ կինոփառատոնը (Osian's Cinefan Festival):

«Հինդու Թայմս» հնդկական օրաթերթին տված հարցազրույցում 30-ամյա իրանցի ռեժիսոր Բաբակ Շիրինշեֆաթն ասել է, որ «Ռաամի»-ն «մարդու, բնության եւ պատերազմի մասին է, այս ֆիլմում համատեղվել են առասպելներն ու ներկայիս կյանքը»:

«Հինդու Թայմս»-ի փոխանցմամբ, 1 ժամ 16 րոպե տեւող կինոնկարը պատմում է պատերազմից տուժած ընտանիքի մասին. հայ-ադրբեջանական բախումների արդյունքում ադրբեջանցի երաժիշտը տասը տարի անցկացնում է Սաբիրաբադի փախստականների ճամբարում, որտեղից դուրս գալով, մեկնում է Իրան՝ իր հայ կնոջը եւ երեխային գտնելու համար:

Բաբակ Շիրինշեֆաթի փոխանցմամբ, «Ռաամի»-ն նկարահանելու մտահղացումը ծնվել է այն բանից հետո, երբ նա այցելել է ադրբեջանցի փախստականների ճամբարներ եւ այնտեղ տեսել է Ադրբեջանում առասպելական եւ սուրբ համարվող ծառը:

«Ինձ վրա մեծ ազդեցություն են գործել բենգալացի փիլիսոփա, արվեստագետ եւ գրող Ռաբինդրանատ Տագորի ստեղծագործությունները», - ասել է ռեժիսորը:

«Հինդու Թայմս»-ը նշում է, որ «Ռաամի»-ն Շիրինշեֆաթի առաջին խաղարկային ֆիլմն է, մինչ այդ նա նկարահանել էր վավերագրական 9 ֆիլմ:

0սիանի ասիական եւ արաբական 9-րդ կինոփառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 29-ը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի շուրջ 140 ֆիլմ 35 երկրներից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG