Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրաթերթերը միաբերան տեղեկացնում են, որ թիվ 15 ընտրատարծքում պատգամավորի թեկնածուի հավակնորդներից Խաչիկ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտարարել, մնացած յոթ թեկնածուները գրանցվել են:

«Հայք» թերթի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Հուլիսի 19-֊ի ընտրություններից հետո Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու հնարավորությունն ավելանալու փոխարեն ավելի է նվազել: Նախ, զարմանալի է, թե ինչպես պետք է Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը մասնակցի մի գործընթացի, որից, կարելի է ասել, գլուխ չի հանում: Բակո Սահակյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ համակարգում եւ չի զբաղվել արտաքին քաղաքական հարցերով: Ի տարբերություն Սահակյանի, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը շատ ավելի էր տեղյակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից, առավել, քան նույնիսկ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Հարկ է նշել, որ նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են ընդունում, որ Սահակյանն ի վիճակի չէ պատշաճ ներկայացնել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում՝ նրա միակ արժանիքը համարելով ՀՀ ներկայիս իշխանությունների հետ սերտ կապերը»:

«Առավոտ»-֊ը տեղեկացնում է. - «Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, իր մի քանի ընկերների հետ միասին «Զվարթնոց» օդակայանի տարածքում ծեծի է ենթարկել ՀՀ պետական փրկարարական ծառայության տեսուչ, 33-ամյա Կառլեն Արմենի ալստյանին: Վերջինս ծեծված, անգիտակից վիճակում եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն ու ներկայումս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Միջադեպի շարժառիթը եղել է այն, որ Կարեն Գրիգորյանին եւ նրա ուղեկիցներին դուր չի եկել այն, թե իրենց ապագա թիրախ Կառլեն Գալստյանն ինչպես է նայում գեներալ Մանվելի հարսին: Իր արժանապատվությունը «վիրավորված» համարող Կարեն Գրիգորյանն ու նրա ուղեկից ընկերները նախ՝ հայհոյել են Կառլեն Գալստյանին, հետո սկսել են անխնա ծեծել՝ մինչեւ վերջինս կորցրել է գիտակցությունը: Ընդ որում, «դաստիարակչական սամասուդին» հընթացս ծեծողների բրիգադը հասցրել է Կառլեն Գալստյանից խլել նաեւ նրա ձեռքի ժամացույցը, դրամապանակն ու ավտոմեքենայի բանալիները: Մեր աղբյուրների փոխանցմամբ եւ չճշտված տեղեկությունների համաձայն, դեպքից հետո գեներալ Մանվելի որդին եւ նրա ընկերները տարել են նաեւ իրենց զոհի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան»:

«Ժամանակ-Երեւան»֊-ը, փաստելով, որ Երեւանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 երկսենյականոց եւ Գրիբոեդովի փողոցի 44 շենքի թիվ 28 նորից երկսենյականոց բնակարանների տանտիրուհին՝ Կարինե Քարամյանը, բավական երիտասարդ տարիքում եւ անհայտ հանգամանքներում մահացել է՝ Կենտրոնի եւ Արաբկիրի թաղապետարաններին «ժառանգելով» միանգամից երկու բնակարան, հայտնում է. - «Երկրորդ բնակարանը, որը Երեւանի կենտրոնի ամենաթանկ հատվածում է գտնվում, բաժին է ընկել նորահայտ «աստղ» Սոֆի Մխեյանին: Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ թեեւ Կենտրոնի թաղապետարանը մեզ չտրամադրեց նվիրատվության հիմքերը, սակայն երգչուհու հոր՝ Գագիկ Մխեյանի հետ զրույցից հասկացանք, որ նվիրատվության հիմքում ընկած է եղել Մխեյանների ընտանիքի «կարիքը»: Այս «կարիքավոր» ընտանիքին 150 հազար դոլարանոց նվեր արած Կենտրոնի թաղապետը՝ Չոռնի Գագոն, հավանաբար, շոու֊բիզնեսի նկատմամբ մանկուց թաքցրած համակրանք ունի: Մերօրյա Մանթաշով՝ ոչ ավելի-֊ոչ պակաս: Մնում է իրավապահ համակարգը հատուկ զբաղվի այս Մանթաշովի բարեգործություններով եւ պարզի, թե որ իրավունքով է նա քամուն տալիս պետության կամ համայնքի սեփականությունը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG