Մատչելիության հղումներ

Շոշափելի անկում է ապրել ակնագործության եւ ոսկեգործության ոլորտը


Ոսկեգործության եւ ակնագործության ոլորտը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի դոլարի արժեզրկման եւ ազգային դրամի արժեվորման հետեւանքով: Ամբողջությամբ արտահանումից կախված այս ոլորտում, ինչպես հայտարարեց առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ոսկեգործության եւ ակնագործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը, անկումը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է գրեթե 50 տոկոս:

Մկրտչյանը երկուշաբթի օրը լրագրողներին վստահեցրեց, այդուհանդերձ, որ ոլորտում արձանագրված անկման պատճառը միայն դոլարի արժեզրկումը չէ. ի նպաստ ակնագործության չեն աշխատում նաեւ համաշխարհային միտումները:

Նա չհերքեց, որ ոսկեգործության եւ ակնագործության ոլորտն այսօր «լրջագույն խնդիրներ ունի». գործատուները ստիպված են կրճատել աշխատավարձերը, հարկադիր արձակուրդ ուղարկել աշխատակիցներին:

Հրապարակելով առաջին վեց ամսվա ցուցանիշները` Գագիկ Մկրտչյանը ցուցանիշները բերեց դրամով, քանի որ դոլարային համարժեքով գրեթե ոչինչ չի փոխվել, իսկ դրամով տարբերությունը նախորդ տարիների համեմատ «ակնհայտ եւ մտահոգիչ» է:

«[Այս տարվա] Առաջին վեց ամիսներին արտադրվել է (եւ գրեթե նույնքան արտահանվել) 25 միլիարդ դրամի արտադրանք», - ասաց նա: - «Պետք է նշել, որ անցյալ տարվա նույն ցուցանիշի [նույն ժամանակահատվածի համար] համեմատ մենք ունենք գրեթե 50 տոկոսի չափով անկում` 48 տոկոս անկում է կազմել»:

«Համեմատության համար ասեմ, որ մենք անցած տարի ունեցել ենք 93 միլիարդ, դրանից առաջ` 113 միլիարդ, եւ 2004 թվականին էլ 117 միլիարդ դրամի արտադրանք եւ արտահանում», - եզրափակեց Մկրտչյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG