Մատչելիության հղումներ

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը ներկայացրեց «Հարկաբյուջետային քաղաքականությունը եւ տնտեսական աճը» զեկույցը


Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, ով «Հարկաբյուջետային քաղաքականությունը եւ տնտեսական աճը» ուսումնասիրության հեղինակներից է, հաստատում է, որ առավել արդյունավետ պետական ծախսերը, ցածր ֆիսկալ դեֆիցիտը եւ ավելի մեծ հղումը ոչ աղավաղվող հարկերի վրա կարող են զարկ տալ տնտեսական աճին:

Զեկույցը, որն այսօր ներկայացվեց լրագրողներին, ուսումնասիրում է 1990 թվականից մինչեւ 2004 թվականը Արեւելյան Եվրոպայում, Թուրքիայում եւ Կենտրոնական Ասիայում պետական ծախսերն ու հարկման միտումները, եւ թե ինչպես են դրանք համեմատվում աշխարհի բարձր աճ ունեցող այլ երկրների միտումների հետ: Ըստ Արիստոմենե Վարուդակիսի, ինչպես այլ ցածր եկամտի երկրներում, Հայաստանում նույնպես կառավարության չափը փոքր է եւ համադրելի է բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների հետ:

«Ծախսերի ռացիոնալիզացման եւ հավակնոտ դրամավարկային բարեփոխումների միջոցով ձեռք է բերվել հաջող ֆիսկալ կոնսոլիդացում` օժանդակվելով բարձր աճով: Սակայն, կրթության, առողջապահության եւ ենթակառուցվածքների ցածր պետական ծախսերը Հայաստանում չեն խթանում աճին», - նշեց Վարուդակիսը:

Ըստ ուսումնասիրության, Համախառն ներքին արդյունքի հետ համեմատած Հայաստանում պետական ծախսերը կրթության եւ առողջապահության բնագավառներում ցածր են մնում: Վարուդակիսի կարծիքով, ծախսերը մեծացնելու ֆիսկալ տարածքը սահմանափակ է` «մեծածավալ ոչ ֆորմալ տնտեսության, հարկային անբավարար ենթակայության եւ դեռեւս թույլ վարչարարության պատճառով»:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի դիտարկմամբ, պետական ծախսերի բարձր մակարդակները ռիսկային են, երբ թույլ են պետական հաստատությունները:

Բացի այդ, Հայաստանում, ըստ զեկույցի, կենսաթոշակային համակարգը փոքր է` ցածր ծածկույթով եւ թույլ համապատասխանությամբ: Ինչպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, Հայաստանի մարտահրավերը կլինի ավելի լավ պաշտպանել ամենախոցելիներին ֆինանսապես կենսունակ եւ դիվերսիֆիկացված կենսաթոշակային համակարգով, բայց դրա համար, ըստ Արիստոմենե Վարուդակիսի, անհրաժեշտ է գործուն ֆինանսական հատված եւ բավարար վարչարարական կարողություն` բարեփոխումներին աջակցելու համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG